Նորություններ

20.01.2023 (Обновлено: 26.01.2023 14:50)

ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրների ԶԼՄ-ները քննարկել են 2023 թվականի համատեղ աշխատանքը

2023 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ մարմինների գործունեության տեղեկատվական ուղեկցման հեռանկարները ԵՏՀ գլխավոր գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հանձնաժողովի Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տնօրեն Դանիյար Տուրուսբեկովը և Եվրասիական տնտեսական միության երկրների առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Հանդիպման մեկնարկին Դանիյար Տուրուսբեկովը շնորհակալություն է հայտնել հավաքված լրագրողներին ԵԱՏՄ մարմինների գործունեությունը ակտիվորեն լուսաբանելու համար և վստահություն հայտնել 2023 թվականին էլ ավելի ինտենսիվ համագործակցության համար։

«Կոլեգիայի նախագահի և մեր Վարչության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի գործընկերներ, եվրասիական տնտեսական ինտեգրումը լուսաբանելու գործում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։ Ներքին վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2022 թվականին Միությունը հրապարակային դաշտում հիշատակվել է մոտ 90 հազար անգամ, Հանձնաժողովը՝ 24 հազար հաղորդագրություն։ Ընդհանուր առմամբ, նկատվում է ԵԱՏՄ-ի նկատմամբ բնակչության տեղեկատվական հետաքրքրության աճ, ինչն, իհարկե, առավելապես ձեր վաստակն է։ Այսօր Հանձնաժողովում հավատարմագրվելու համար դիմել է ավելի քան 80 լրագրող Միության բոլոր երկրների 14 ԶԼՄ-ից։ Սա շատ ուրախալի է մեզ համար, և մենք պատրաստ ենք միայն ամրապնդել մեր արդյունավետ համագործակցությունը»,- նշել է Դանիյար Տուրուսբեկովը։

Վարչության տնօրենի խոսքով՝ Հանձնաժողովը մշտապես բաց է ԶԼՄ ներկայացուցիչների համար և հետագայում ևս հավատարիմ կմնա սերտ և փոխշահավետ տեղեկատվական համագործակցության իր որդեգրած ուղղությանը:

Դանիյար Տուրուսբեկովը լրատվամիջոցներին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահության տարում ԵԱՏՄ-ում սպասվող խոշոր միջոցառումների մասին, ներառյալ Եվրասիական միջկառավարական խորհուրդը, որը նախատեսվում է անցկացնել փետրվարի 2-3-ը Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն), Եվրասիական տնտեսական համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 24-ից 25-ը և կզուգադիպեցվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, և 2023 թվականի հունիսին Ռուսաստանում անցկացվելիք մի շարք այլ պաշտոնական միջոցառումներ։

Հանդիպման ավարտին կայացել է Հանձնաժողովի միջոցառումներին աշխատելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ԵՏՀ հավատարմագրման քարտերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Տեղեկանք

ԵՏՀ-ում հավատարմագրման հայտեր են ստացվել ԵԱՏՄ երկրների առավել բարձր վարկանիշ ունեցող զանգվածային լրատվմիջոցներից՝ ՏԱՍՍ ՏԳ-ից, ՌԲԿ հեռուստաալիքից, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունից (ՄՊՀՌԸ), «Խաբար 24« հեռուստաալիքից, Ղրղզստանի Հանրապետության Հանրային հեռուստառադիոկորպորացիայից (ՂՀՌԿ), Հայաստանի հանրային հեռուստատեսությունից, ԲելՏԱ ՏԳ-ից, «Կազինֆորմ» ՏԳ-ից և այլն։