Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) ղեկավարության հետ:
Միջոցառումների հիմնական թեման էր Հանձնաժողովի հետ միջազգային կազմակերպությունների առաջիկա եռամյա համագործակցության ծրագրերի նախագծերի քննարկումը։ Համապատասխան փաստաթղթերի մշակումը նախատեսված է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանով։
«Մտքերի փոխանակման շրջանակներում հնարավոր եղավ պայմանավորվածություն ձեռք բերել ՄԱԱԶԽ-ի հետ համագործակցության ծրագրի նախագծի շուրջ, իսկ ՄԱԿ ԵՏՀ-ի հետ՝ նախանշել Համագործակցության պլանի վրա աշխատանքն արագ ավարտելու քայլերը: ՄԱԿ ԵՏՀ-ի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնություն ցուցաբերելու մեր երկրներին հետաքրքրող կարևոր համակարգային խնդիրների լուծմանը, ներառյալ միջմոդալ փոխադրումների խնդիրը՝ հաշվի առնելով կազմակերպության փորձը տվյալ ոլորտի ստանդարտացման գործում», - նշել է Վլադիմիր Սերպիկովը։
Հանդիպում է կայացել նաև Միջազգային առևտրային կենտրոնի (ՄՏԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության իրավական ասպեկտները, ինչպես նաև Հանձնաժողովի և ՄՏԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակում կողմերի համար արդիական մի շարք ուղղություններ։
Բացի այդ, խորհրդակցություններ են տեղի ունեցել Ժնևում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մի շարք մշտական ներկայացուցչությունների ղեկավարության հետ՝ 2024 թվականի փետրվարի 26-29-ը նախատեսված Առևտրի համաշխարհային կազմակերպության նախարարական խորհրդաժողովից նախաշեմին մոտեցումների համակարգման, թափանցիկության խնդիրների և ԱՀԿ-ին ներկայացնելու նպատակով ԵԱՏՄ միջոցների վերաբերյալ ծանուցումների նախագծերի պատրաստման հարցերի քննարկման համար։