Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի մայիսի 30-ի նիստում հաստատվել է տարանցման հայտարարագրի նոր ձևը և էլեկտրոնային փաստաթղթի և թղթային կրիչով փաստաթղթի ձևով այն լրացնելու կարգը։
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը նշել է. «Տարանցման հայտարարագրի լրացման նոր կարգը ներառում է մի շարք պարզեցումներ, օրինակ, առաջինը՝ տարանցման հայտարարագիրը ինչպես էլեկտրոնային փաստաթղթի, այնպես էլ՝ թղթային փաստաթղթի ձևով լրացնելու հնարավորությունը, երկրորդը՝ տրանսպորտի երկու կամ ավելի տեսակներով ապրանքներ փոխադրելիս տարանցման հայտարարագիր լրացնելու հնարավորությունը, երրորդը՝ միջազգային փոստային առաքանիներ տեղափոխելիս տարանցիկ հայտարարագրի օգտագործումը:
ԵՏՀ նախարարի խոսքով՝ այս որոշման ընդունումը թույլ կտա լիարժեք իրականացնել տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումը Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմինների միջև համապատասխան ընդհանուր գործընթացի շրջանակներում։
Որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ։ Կարգավորող ազդեցության գնահատման հարցերով աշխատանքային խումբը եզրակացրել է, որ որոշումը դրական ազդեցություն կունենա ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա:
Տարանցման հայտարարագրի լրացման նոր ձևն ու կարգը ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։
Միաժամանակ, Կոլեգիան հաստատել է տարանցման հայտարարագրի նոր կառուցվածքներն ու ձևաչափը՝ ուժի մեջ մտնելու նույնական ամսաթվով:
Տեղեկանք
Տարանցման հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատվել են Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 289 որոշմամբ։ Միջազգային փոստային առաքանիների տեղափոխման ժամանակ տարանցման հայտարարագրի լրացման առանձնահատկությունները հաստատվել են Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի N 377 որոշմամբ։
Տարանցման հայտարարագրի նոր ձևի և լրացման կանոնների մշակումը իրականացվում է Միության իրավունքի կատարելագործման և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 105-րդ և 142-րդ հոդվածների իրականացման նպատակով։