Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԱՀ-ով հարկման նպատակով էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկը։
Ցանկը բաղկացած է 14 ծառայությունից, որոնց տրամադրումն իրականացվում է տեղեկատվական ցանցերի, այդ թվում՝ համացանցի միջոցով, և անհնար է առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման։ Նոր կանոնների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հաստատված ցանկից էլեկտրոնային ձևով ծառայություն անդրսահմանային գնման դեպքում ԱԱՀ-ով հարկումն իրականացվելու է նման ծառայության գնորդի գտնվելու վայրում։
ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևի խոսքով՝ ԵՏՀ խորհրդի կողմից էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկի հաստատումը ԵԱՏՄ-ում իրականացվող էլեկտրոնային ձևով ծառայությունների ԱԱՀ-ով հարկման կարգի կարգավորման համալիր աշխատանքի ավարտական փուլն է: Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում պետությունների ղեկավարները ստորագրել են հիմնական Արձանագրությունը, որը կարգավորում է էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցելիս ԱԱՀ-ի վարչարարության կարգը։
«Այսօր հաստատվել է ծառայությունների կոնկրետ ցանկ, որոնց վրա տարածվում է նախկինում ստորագրված Արձանագրության գործողությունը։ Այսպիսով, Միության տարածքում թափանցիկ և կանխատեսելի միջավայր է ապահովվել ծառայությունների համացանցային առևտրի համար,- ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։ - Նշեմ, որ էլեկտրոնային առևտրի ոլորտը մշտապես զարգանում է, հայտնվում են նաև էլեկտրոնային ձևով ծառայությունների նոր տեսակներ, ուստի Հանձնաժողովը կշարունակի տվյալ ոլորտի մշտադիտարկումը ԱԱՀ-ով հարկման նպատակների համար էլեկտրոնային ձևով ծառայությունների ցանկն անհրաժեշտության դեպքում ընդլայնելու համար»։
ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը որոշելու մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Ներկայումս ընթանում է վավերացման ընթացակարգը։ Արձանագրությունը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից։ Արձանագրության վավերացումը Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից սպասվում է մինչև 2023 թվականի վերջը։