Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սրտաբանների եվրասիական ընկերակցության միջև առողջապահության ոլորտում համագործակցության հարցերը քննարկել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը և «Սրտաբանների եվրասիական ընկերակցություն» բուժաշխատողների ընկերակցության նախագահ, «Ակադեմիկոս Ե.Ի. Չազովի անվան սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոն» ԴՊԲՀ գիտափորձագիտական աշխատանքի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Չազովան: Հանդիպումը կայացել է ԵՏՀ գլխավոր գրասենյակում։
Սերգեյ Գլազևը կարևորել է ԵԱՏՄ-ում առողջապահության համակողմանի զարգացումը, որը մեծապես նպաստում է բնակչության կենսամակարդակի և կյանքի որակի բարձրացմանը։
Իրինա Չազովան, իր հերթին, խոսել է սրտանոթային և հարակից հիվանդությունների կանխման և կանխարգելման վերաբերյալ Սրտաբանների եվրասիական ընկերակցության հովանու ներքո մշակված հանձնարարականների մասին։ Դրանք հրապարակվել են և նախատեսված են գործող մասնագետների կողմից օգտագործելու համար: Նա նշել է, որ Ընկերակցությունը ստեղծել է գիտափորձագիտական ցանց, որը կարող է նպաստել ԵԱՏՄ-ում առողջապահության ոլորտում արդյունավետ ցանցային փոխգործակցության կազմակերպմանը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ տարածքում սիրտ-անոթային և այլ հիվանդությունների կանխարգելմանը նպաստող մի շարք համատեղ միջոցառումների անցկացման հարցը։
Տեղեկանք
Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները (Ռազմավարություն-2025) նախատեսում են առողջապահության ոլորտում ԵԱՏՄ պետությունների տնտեսական համագործակցության ընդլայնում, այդ թվում՝ առողջապահության ոլորտում համագործակցության միջոցառումների ծրագրի մշակում՝ քաղաքացիների համար ժամանակակից ձեռքբերումների հասանելիության ապահովման մասով, առողջապահության ոլորտի արդիական հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերի ուսումնասիրություն առաջադեմ մեթոդների և մասնագիտացված գիտելիքների հասանելիությունը հեշտացնելու նպատակով և այլ միջոցներ:
«Սրտաբանների եվրասիական ասոցիացիա» բուժաշխատողների ընկերակցությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որը սրտաբանության ոլորտի բժիշկ մասնագետներին տալիս է մասնագիտական, գիտական և գործնական փորձի փոխանակման հնարավորություն: Ընկերակցությունը Եվրասիական տարածաշրջանի երկրների բժշկական հանրության միավորումն է և աջակցում է առողջապահության, բժշկական գիտության և կրթության առավել ամբողջական և համակողմանի զարգացմանը, ինչպես նաև Եվրասիայի պետություններում սրտաբանության և հարակից առարկաների ոլորտում գիտահետազոտական, դասախոսական և գործնական աշխատանք իրականացնող բժշկական մասնագետների պրոֆեսիոնալ աճին։