Նորություններ

25.12.2023

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը

Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը 2023 թվականին Միության մարմիններում նախագահության շրջանակներում հանդես է եկել ԵԱՏՄ զարգացման երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթեր նախապատրաստելու նախաձեռնությամբ։

Հռչակագիրը սահմանում է ԵԱՏՄ-ն մինչև 2045 թվականը «ինքնաբավ, ներդաշնակ զարգացած և աշխարհի բոլոր երկրների համար գրավիչ, տնտեսատեխնոլոգիական և մտավոր առաջնության կրող և անդամ պետությունների բնակչության բարեկեցության բարձր մակարդակն ապահովող մակրոտարածաշրջանի վերածելու» Միության միջնաժամկետ՝ մինչև 2030 թվականը հեռանկարի խնդիրները։

Փաստաթուղթը սահմանում է վեց ուղղություն՝

- ընդհանուր շուկայի ապահովում առանցքային ապրանքներով և ռեսուրսներով և դրա արդյունավետ գործունեությունը.

- տեխնոլոգիական զարգացման ոլորտում կոոպերացիոն փոխգործակցության և համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորում.

- ընդհանուր տրանսպորտալոգիստիկ տարածքի ձևավորում.

- միասնական ֆինանսական շուկայի ձևավորում.

- ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացում.

- ԵԱՏՄ-ի` որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողության բևեռի գործունեությունը:

Առաջադրված խնդիրները լուծելու համար սահմանվել են տնտեսական փոխգործակցության ոլորտներում ԵԱՏՄ զարգացման առանցքային ուղղությունները, որոնք նախատեսում են ինչպես գործող մեխանիզմների կատարելագործում, այնպես էլ նոր մեխանիզմներ՝ կոոպերացիոն ներուժի զարգացման նպատակով բնական պաշարների օգտագործում, թվային տեխնոլոգիաների զարգացում, արհեստական բանականության համակարգերի ներուժի բացահայտում և դրա կիրառման ապահովում, ագրոարդյունաբերական համալիրում նորարարական մոտեցումների ներդրում և այլն։

«Նշված խնդիրների իրականացումը պետք է ուղեկցվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացմամբ, այդ թվում՝ կայացված որոշումների համար պատասխանատվության ավելացման, Հանձնաժողովի աշխատանքի թափանցիկության բարձրացման, Կոլեգիայի անդամների ռոտացիայի ընթացակարգերի կատարելագործման, Հանձնաժողովի աշխատակիցների կադրային կազմի ձևավորման միջոցով, ներառյալ անդամ պետությունների քաղաքացիների համար անկախ մրցույթային ընտրության պայմանով Հանձնաժողովի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար հնարավորությունների, անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա նրանց մասնագիտական գործունեության և աշխատանքային հավասար պայմանների ապահովումը», - ասված է փաստաթղթում:

Հանձնաժողովին հանձնարարվել է Միության պետությունների հետ համատեղ մշակել և 2025 թվականին հաստատման ներկայացնել Հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը։