Դեկտեմբերի 9-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները ստորագրել են Միության տարածքում էլեկտրոնային տեսքով ծառայություն մատուցելու դեպքում ԱԱՀ գանձման կարգում փոփոխություններ կատարող արձանագրություն:
Նոր կանոնների համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային ձևով ծառայությունների անդրսահմանային գնման դեպքում ԱԱՀ-ով հարկումը տեղի է ունենալու ըստ գնորդի գտնվելու վայրի։ Մինչ օրս այս հարցում ընդհանուր մոտեցում չկար, ինչը հանգեցնում էր կրկնակի հարկման կամ այնպիսի իրավիճակի, երբ նման առևտրային գործունեությունը չէր հարկվում որևէ անդամ պետությունում։
Բացի այդ, հաստատված արձանագրությունը ԵԱՏՄ տարածքում գնորդներին էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հնարավորություն է տվել հեռակա կարգով գրանցվելու անդամ պետությունում որպես ԱԱՀ վճարող, պարզեցված ձևաչափով ներկայացնելու էլեկտրոնային հայտարարագիր և վճարելու հարկը։
Կարգավորվել են նաև ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային ձևով ծառայությունների մատուցման դեպքում ԱԱՀ-ի հարկային վարչարարության կարգի տեխնիկական հարցերը։
Էլեկտրոնային առևտրի ոլորտում ԵԱՏՄ հարկային օրենսդրության զարգացման արձանագրությունը և հեռանկարները մեկնաբանել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը.
«Այսօր ստորագրվել է կարևոր արձանագրություն, որն ամրագրում է ԱԱՀ-ի վարչարարության վերազգային կարգը ԵԱՏՄ անդամ պետություններում հարկ վճարողների կողմից էլեկտրոնային ձևով ծառայություն մատուցելու դեպքում: Ձեռք բերված պայմանավորվածությունը նպաստում է այս ոլորտում մրցակցային միջավայրի զարգացմանը, էլ ավելի մեծ տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև բիզնեսի համար պարզություն է մտցնում ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային ձևով ծառայությունները ԱԱՀ-ով հարկելու հարցերում։ Նշեմ, որ այս ոլորտում աշխատանքները դեռ չեն ավարտվել, և ներկայումս Հանձնաժողովը սկսել է հաստատել էլեկտրոնային ձևով այն ծառայությունների ցանկը, որոնց վրա կտարածվեն նոր կանոնները։ Բացի այդ, Հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների էլեկտրոնային առևտրի ԱԱՀ-ով հարկման հարցերի կարգավորմանն ուղղված Արձանագրության նախագծի հաստատման ուղղությամբ»։