Նորություններ

21.05.2021

Ներքին շուկայում արգելքների թիվը հասել է հնարավոր նվազագույն ցուցանիշի

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ներկայացվել են 2020 թվականի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև այդ ուղղությամբ հետագա գործունեության զարգացման հեռանկարները:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները նշել են, որ ընդհանուր շուկաների ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ առևտրում արգելքների և սահմանափոկումների բացահայտման և վերացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողականորեն, նպատակայնորեն և շարունակական բնույթ են կրում: Դրա արդյունքում՝ այդ թվում անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-մարտ ամիսներին աճել է 17%-ով:

Զեկույցի համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում վերացվել է 12 արգելք և արգելքի հատկանիշներով 3 խոչընդոտ:

Ինչպես նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը, 2020 թվականին վերացվել է արգելքների առավելագույն թիվը, ինչը աննախադեպ, ռեկորդային ցուցանիշ է: 

«Ընդհանուր առմամբ, 2016 թ.-ից մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Միության ներքին շուկայում վերացվել է 51 արգելք և արգելքի հատկանիշներով 3 խոչընդոտ՝ նախկինում որակավորված 63 արգելքներից: Այսպիսով, աշխատանքի ամբողջ ժամանակահատվածի համար վերացվել է բոլոր որակավորված արգելքների 81%-ը», – ընգծել է Գեղամ Վարդանյանը:

ԵՏՀ նախարարի խոսքերով՝ դա Միության բոլոր երկրների մեծ վաստակն է, որոնք Հանձնաժողովի աջակցությամբ բարձր արդյունքներ են ցույց տվել: Նման միտումը շատ կարևոր է ինտեգրացիոն միավորման շուկաների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:

Մասնավորապես, նա նշել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքը, որը վերացրել է յոթ արգելք և արգելքների հատկանիշներով երեք խոչընդոտ:

Ներքին շուկայում վերացված արգելքները ազդում էին առաջին հերթին հարկման, ագրոարդյունաբերական համալիրի, տեխնիկական և մաքսային կարգավորման հարցերի վրա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գործիքակազմ է մշակում Միության ներքին շուկայի գործունեությունն ապահովելու համար, այդ թվուն՝ խոչընդոտների վերացման ոլորտում հիմնական փաստաթղթերի պատրաստման միջոցով:

Այսպես, Միության ներքին շուկայում խոչընդոտները արգելքների, բացառումների և սահմանափակումների բաժանելու և արգելքները վերացված ճանաչելու մեթոդաբանության նոր խմբագրության համաձայն՝ որոշումների կայացման ժամանակը զգալիորեն կրճատվում է: 

Այժմ արգելքների կամ սահմանափակումների հատկանիշների առկայության վերաբերյալ եզրակացությունը պետք է պատրաստվի 70 օրվա ընթացքում՝ Հանձնաժողովի կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալու օրվանից: 

Նշենք, որ ինտեգրման այլ միավորումներում նմանատիպ գործընթացներն ավելի երկար ժամկետներ ունեն: