Նորություններ

27.12.2023

ԵՏՀ Կոլեգիան երկարաձգել է ֆոսֆատների առանձին տեսակների զրոյական տուրքերի գործողության ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել ֆոսֆատների առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2510 20 000 0 ծածկագիր) ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու մասին։

«Միջոցը նպաստում է Եվրասիական տնտեսական միության տարածքում ֆոսֆատների արտադրության սահմանափակ ծավալների պայմաններում հանքային պարարտանյութերի թողարկման համար արտադրական հզորությունների բեռնման ապահովմանը», - նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Միջոցի կիրառման շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 5-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Տեղեկանք

Հումքի նշված տեսակների նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 5%։ Հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 12-ի № 2 որոշմանը և Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի № 80 որոշմանը համապատասխան՝ 2021 թվականի հունվարի 5-ից մինչև 2024 թվականի հունվարի 4-ը կիրառվում է ներմուծման մաքսատուրքի ժամանակավոր դրույքաչափ մաքսային արժեքի 0%-ի չափով։