Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թալգաթ Մոմիշևը Ալմաթիում՝ միջազգային Եվրասիական դեղագործական համաժողովի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցների ընդհանուր շուկայի աշխատանքի նախնական արդյունքների և 2025 թվականի ծրագրերի մասին։
Թալգաթ Մոմիշևը, մասնավորապես, ընդգծել է. «Այս տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվում է ընդհանուր շուկային անցնելու դիմումների ներկայացման համար սահմանված անցումային շրջանը։ Այս ժամկետը չի փոփոխվում: Սակայն նախատեսվում է որոշակիորեն մեղմել անցման պայմանները ճանաչման պետություններում»։
ԵԱՏՄ երկրների բոլոր դեղարտադրողներին արդեն ընձեռնվել է գրանցման դոսյեն համապատասխանեցնելու ընթացքում միաժամանակ դրանում փոփոխություններ կատարելու հնարավորություն, ինչը հեշտացրել է նրանց աշխատանքը։
Գրանցման ազգային վկայականները պահպանում են իրենց գործողությունը մինչև այս տարեվերջ, ազգային դոսյեներում թույլատրվում է փոփոխություններ կատարել համաձայն ԵԱՏՄ պետությունների կանոնների։
Թալգաթ Մոմիշևն անդրադարձել է անդամ պետությունների դեղագործական տեսչությունների աշխատանքին։ 2025 թվականին լրանում է նրանց կողմից 2021 թվականին տրված Միության առաջին GMP հավաստագրերի ժամկետը։
Դեղամիջոցների շարունակական արտադրությունն ու մատակարարումը ԵԱՏՄ ընդհանուր շուկա ապահովելու համար արտադրողներին առաջարկվում է ներկայացնել պլանային տեսչական ստուգումների դիմումները նախապես (առնվազն 6-9 ամիս առաջ): Եվ հետո համոզվել, որ իրենք ներառված են 2025-2026 թվականների տեսչական ստուգման պլանում։
Այս տարի Հանձնաժողովի հարթակում նախատեսվում է շարունակել դեղերի ընդհանուր շուկայի կարգավորման արդիականացման մասշտաբային աշխատանքները։ Նախատեսվում է, օրինակ, հստակեցնել դեղորայքային պատրաստուկների գրանցման և հետազոտությունների իրականացման կանոնները, ընդունել GLP ստուգումների կանոնները, թարմացնել Պատշաճ կլինիկական պրակտիկայի (GCP) և մի շարք այլ ակտերի խմբագրությունները:
Միջազգային Եվրասիական դեղագործական համաժողովն անցկացվում է ամեն տարի։ Այս տարի այն նվիրված էր Եվրասիական տարածքում դեղերի շուկայի զարգացմանը։ Դրան մասնակցել են ԵԱՏՄ բոլոր պետությունների կարգավորող մարմինները, ինչպես նաև դեղագործական բիզնեսի ներկայացուցիչներ։