Նորություններ

21.06.2022 (Обновлено: 04.07.2022 17:09)

Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում ԵԱՏՄ արդյունաբերության ոլորտում արտադրական և գիտատեխնիկական համագործակցության խթանմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեծ ուշադրություն է հատկացնում արդյունաբերության ոլորտում արտադրական և գիտատեխնիկական համագործակցության խթանմանը, հատկապես մեքենաշինության ոլորտում, ոլորտի նորարարական զարգացմանը՝ ԵԱՏՄ երկրներում ներմուծման փոխարինման և նոր մրցունակ արտադրանքի արտադրության խթանման նպատակով:

Այս մասին Մինսկում «Գիտատեխնիկական համագործակցությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության զարգացման հիմք նոր տնտեսական մարտահրավերների պայմաններում. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում կայացած «Մեքենաշինության զարգացման և նոր տեսակի նյութերի մշակման ոլորտում արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին» բաժնի նիստին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը:

ԵԱՏՄ գիտական և համագործակցական ներուժի օգտագործումը մեքենաշինության ոլորտում արտադրանքի նոր տեսակների արտադրության և նոր նյութերի մշակման համար դարձել են քննարկման գլխավոր թեմաներ:

«Մեքենաշինության ոլորտը կարելի է համարել ԵԱՏՄ-ում ներմուծման փոխարինման ներուժի առաջատար, քանի որ մեքենաների և սարքավորումների արտադրությունը, ավտոմոբիլաշինությունը, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական ապրանքների և քիմիական արտադրանքի արտադրությունը կազմում են ներմուծման փոխարինման ընդհանուր ներուժի ավելի քան 60%-ը», – ընդգծել է Արտակ Քամալյանը: – Հանձնաժողովը ձևավորել է գյուղատնտեսական տեխնիկայի համար ներմուծվող բաղադրիչների և հանգույցների ցանկը, որոնց արտադրությունը նպատակահարմար է կազմակերպել Միության երկրներում: ԵԱՏՄ պետությունների ձեռնարկությունների միջև արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությամբ մեր կողմից տարվող համակարգային աշխատանքը տալիս է գործնական արդյունքներ: Այս տարի կազմավորվել է «Պրոգրես» արդյունաբերողների միությունը, որին մասնակցել են Ռուսաստանի և Բելառուսի Գյուղատնտեսական մեքենաշինության խոշորագույն ընկերությունները՝ «ՊՏԶ» ԲԸ-ն, «ՄՏԶ» ԲԲԸ-ն և «Գոմսելմաշ» ԲԲԸ-ն:

ԵՏՀ նախարարի կարծիքով՝ ներկայումս նոր նյութերի արտադրության տեխնոլոգիական նորարարությունները որոշիչ գործոն են ողջ արդյունաբերության, այդ թվում՝ մեքենաշինության մեջ ներմուծման փոխարինման պայմանների ստեղծման համար: Այդ կապակցությամբ ԵՏՀ-ն անդամ պետությունների հետ համատեղ սահմանել է մետաղագործական արտադրանքի նոր տեսակների արտադրության ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունների ցանկը, որը ներառում է գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոարդյունաբերության և երկաթուղային տրանսպորտի, սննդի և խողովակների ճյուղի համար բարելավված տեխնիկական բնութագրերով մետաղների մշակումը, հատուկ նշանակության դետալները, ինչպես նաև կոռոզիայի նկատմամբ բարձր դիմադրությամբ համաձուլվածքների արտադրության ոլորտում: Նման նախագծերի վերաբերյալ շահագրգռվածություն են հայտնել ԵԱՏՄ առաջատար մետաղագործական ձեռնարկությունները։

«Այս ոլորտային հարթակում քննարկումները թույլ կտան մեր երկրների առջև բացել մեքենաշինության և նոր նյութերի արտադրության ոլորտում նորարարական զարգացման նոր հեռանկարներ և, որպես հետևանք, բարձրացնել մեր երկրների համակարգված և արդյունավետ գործողությունները՝ ներմուծման փոխարինման, մրցունակ արտադրանքի արտադրության, համաշխարհային շուկա նրա առաջխաղացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների շրջանակներում», – նշել է Արտակ Քամալյանը: 

ԵՏՀ նախարարը նշել է ներմուծման փոխարինման մեջ ԵԱՏՄ ձեռնարկությունների մեծ ներուժը: Նրա խոսքով՝ չնայած COVID-2019 համավարակի հետևանքներին, 2021 թվականին անդամ պետությունների միջև համագործակցային մատակարարումների աճի տեմպը գերազանցել է 40%-ը (ինչպես 2015-2020 թվականների ամբողջ ընթացքում):

«ԵԱՏՄ յուրաքանչյուր պետության կողմից ներմուծման փոխարինման ռազմավարության իրականացումն առանձին-առանձին պակաս արդյունավետ է, քանի որ երկրների ներքին շուկաների սահմանափակ հզորությունը թույլ չի տալիս հասնել մասշտաբի էֆեկտի և արտադրանքի առանձին տեսակներով հավասար պայմաններում մրցակցել համաշխարհային առաջատարների հետ։ ԵՏՀ հարթակում գործում է արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հանձնաժողովը: Այս ամբողջ աշխատանքը մենք անում ենք, որպեսզի մեր Միությունում արդյունաբերական համագործակցությունը զարգանա ավելի հեշտ, ավելի արագ և արդյունավետ, իսկ ԵԱՏՄ արդյունաբերական համալիրն օրեցօր ուժեղանա», - ասաց Արտակ Քամալյանը։

Տեղեկանք

«Մեքենաշինության զարգացման և նյութերի նոր տեսակների մշակման ոլորտում արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության հեռանկարների մասին» սեկցիայի նիստին մասնակցել են Ռուսաստանի և Բելառուսի գիտական շրջանակների և գործարար համայնքների, այդ թվում՝ Ի.Պ. Բարդինի անվան «Ցնիիչերմետ» ԴՊՈՒՁ-ի և մեքենաշինական հատվածի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները։