Նոյեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանրային ընդունարանը։ ԵՏՀ-ի ներկայացուցիչները ձեռնարկատերերին պատմել են, թե ինչպես պաշտպանել նրանց բիզնեսը անդրսահմանային շուկաներում մրցակիցների ոչ իրավաչափ գործողություններից, ինչպես նաև դառնալ Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական գնումների մասնակից:
Որպես միջոցառման մոդերատոր հանդես է եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը:
Նախարարը նշել է, որ կարգավորիչների և բիզնեսի փոխգործակցությունն անհրաժեշտ է կառուցել երկխոսության ռեժիմով՝ գործարարներից հետադարձ կապ ստանալով հակամենաշնորհային գերատեսչությունների օրակարգի ճշգրտման համար:
«Այսօր Հանրային ընդունարանի շրջանակներում մենք պատրաստ ենք քննարկել խնդրահարույց հարցերը, բացահայտել թույլ կողմերը և գտնել դրանց լուծման ուղիները Միության շրջանակներում բիզնես վարելու պայմանները բարելավելու համար», - ասել է Բախիթ Սուլթանովը։
Ձեռնարկատերերի հարցերը վերաբերում էին թվային շուկաներում մրցակցության սահմանափակման, մարքեթփլեյսերի կողմից կատարվող գնագցման, ապրանքային նշանների ոչ իրավաչափ օգտագործման, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում Միության երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման դեպքերին:
Բացի այդ, մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ երկրներում պետական գնումների ոլորտը, այն է՝ Հայաստանի ձեռնարկատերերի համար դրանց լիարժեք և հավասար հասանելիության ապահովումը։
«Հայաստանի Հանրապետության մատակարարները մասնակցում են Բելառուսի և Ռուսաստանի պետական գնումներին, սակայն նրանց ծավալը փոքր է։ Ձեռնարկատերերի հետ քննարկելով եվրասիական գնումներին մասնակցության և անխոչընդոտ հասանելիության հարցերը, մենք հույս ունենք բարձրացնել իրազեկությունը և բիզնեսին ներգրավել գնումներում», - ասել է Բախիթ Սուլթանովը:
Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Հանձնաժողովի կայքէջի «Հանրային ընդունարան» էջում առկա է հատուկ բաժին՝ «Օգնություն բիզնեսին»։ Բաժնում առկա են նորամուծություններ, որոնք ձեռնարկատերերին կօգնեն ինքնուրույն թեստավորել և բարելավել անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավունքի վերաբերյալ իրենց գիտելիքները:
Նիստի երկրորդ մասում ԵՏՀ փորձագետները անհատական խորհրդակցություններ են անցկացրել ձեռնարկատերերի հետ։