Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի նորարարական անասնաբուծական համալիրի բացմանը։
Նախագիծը 2022 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմ» ընկերության միջև ստորագրված եռակողմ հուշագրի գործնական իրականացման առաջին քայլն էր։ Փաստաթղթի նպատակն է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունը և կայուն տնտեսական զարգացումը։
Գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության ոլորտի ներդրումային նախագիծը, որը համապատասխանում է «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության զարգացման 2019-2024 թվականների ծրագրի» խնդիրներին, իրականացվել է ԵՏՀ-ի համակարգմամբ և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ, որը 32 մլն դոլար է տրամադրել ԱԱՀ նոր ձեռնարկության կառուցման և կահավորման համար:
Ժամանակակից անասնաբուծական համալիրը, որը նախատեսված է 1,5 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար, կառուցվել է ռեկորդային 14 ամսում։ Դրա հզորությունը կազմում է օրական 45 հազար լիտր կաթ։ Համալիրի մաս կազմող խոզաբուծական ֆերման թույլ է տալիս տարեկան արտադրել մինչև 17 հազար գլուխ կենդանի։ Միաժամանակ Երևանում ավարտվում է կաթնամթերքի և մսամթերքի վերամշակման գործարանի կառուցումը։ Նորարարական անասնաբուծական համալիրի ղեկավարությունը նշում է, որ բարձր ցուցանիշներ կապահովվեն ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ։ Նախագծի իրականացումը թույլ կտա նշված մարզում ստեղծել 120 լրացուցիչ աշխատատեղ։
Կոոպերացիոն համագործակցության խթանումը, ներառյալ բիզնեսի և ֆինանսական ինստիտուտների միջև համագործակցության արդյունավետ հարթակի ստեղծումը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի բլոկի աշխատանքի կարևորագույն գերակայություններից է: Հայաստանում նախագծի իրականացման ուղղությամբ հաստատված փոխգործակցության շրջանակներում տոհմային անասունները ձեռք են բերվում Ռուսաստանի Կալինինգրադի մարզում։ Հանձնաժողովի փորձագետները նշում են, որ նոր ձեռնարկության աշխատանքը զգալի ավանդ կունենա ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ապահովման և ԱԱՀ զարգացման գործում։
Տեղեկանք
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական կրթության, գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է: Իր գործունեության 17 տարվա ընթացքում ընկերությունը ստեղծել և իրականացրել է մեկ տասնյակից ավելի համարձակ, եզակի հայեցակարգային նախագծեր և մեծ ավանդ է ունեցել Հայաստանում ռեստորանային արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում։ 2019 թվականից ընկերությունը փակ շրջափուլի ապահովման համար գործարկել և իրականացնում է բիզնեսի զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմերից սեղան» հայեցակարգի վրա, տոհմային անասնաբուծական ֆերմա բացելով Վայոց Ձորում, խոզաբուծական ֆերմա՝ Տավուշի մարզում, անասնակերի գործարան՝ Արարատի մարզում, «Արցախ» խոհանոց ֆաբրիկան՝ Երևանում: