Փետրվարի 3-ին Ալմաթիում կայացած Միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկների վերաբերյալ։
Զեկույցը տեղեկատվություն է պարունակում համաշխարհային տնտեսության զարգացման ընթացիկ միտումների, ԵԱՏՄ պետությունների տնտեսական զարգացման դինամիկայի և հեռանկարների մասին, վերլուծվում են աճի խոչընդոտները և առաջարկվում Միության երկրների տնտեսությունների զարգացմանն աջակցելու սկզբունքներ ու չափանիշներ։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատման՝ 2022 թվականի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 1,9%-ով, ռեցեսիայի ռիսկը պահպանվում է նաև 2023 թվականին։ Միևնույն ժամանակ, նկատվում տնտեսության այնպիսի առանցքային ցուցանիշների աճ, ինչպիսիք են արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի թողարկումը, շինարարական աշխատանքների ծավալը, ներդրումները հիմնական կապիտալում, պահպանվում է նաև ակտիվությունը աշխատաշուկայում։
«Տնտեսական աճի տեմպերը բարձրացնելու համար ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ գիտատեխնիկական զարգացմանը, արտադրության արդիականացմանը, արտադրողականության և արդյունավետության բարձրացմանը ներդրումների խթանման ուղղությամբ։ ԵԱՏՄ-ում առկա տնտեսական, արտադրական և գիտատեխնիկական ներուժի օգտագործումը թույլ է տալիս ապահովել ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի տարեկան աճը 4,5-5,5%-ով՝ պահպանելով ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների ներքին կայունությունը, որը հեռանկարում պայմաններ է ստեղծում տնտեսական զարգացման մակարդակի առումով անդամ պետությունների մերձեցման համար»,- նշվում է զեկույցում։Հանձնաժողովի վերլուծությունը ցույց է տվել, որ շատ երկրների և ինտեգրացիոն միավորումների հաջողված փորձը հիմնված է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են նոր արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված ակտիվ պետական քաղաքականությունը, տարածաշրջանային և գլոբալ արտադրաիրացման շղթաներում նոր արտադրությունների ներկառուցումը, արտադրվող արտադրանքի տնտեսական բարդության բարձրացումը, ինչպես նաև տնտեսական աճի ֆինանսավորման մեխանիզմների ու գործիքների ընդլայնումը։
Զեկույցը կհրապարակվի Հանձնաժողովի կայքում։