Մայիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Բաքվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել է Ադրբեջանի Caspian Agro «Գյուղատնտեսություն» 16-րդ միջազգային ցուցահանդեսի և Ադրբեջանի InterFood Azerbaijan «Սննդի արդյունաբերություն» 28-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի հիմնական տաղավարներով, որտեղ ներկայացված են ավելի քան 450 ընկերություններ աշխարհի 31 երկրից, այդ թվում՝ Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից։
Բաքու կատարած այցի շրջանակներում Միխայիլ Մյասնիկովիչին ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության և առևտրի հնարավորությունների ընդլայնման հարցեր։
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նաև համագործակցության արդիական հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, գյուղատնտեսության նախարար Մեջնուն Մամեդովի, Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ։
«Եվրասիական ինտեգրումը ամուր հիմքեր է ստեղծում անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման համար և ծառայում ժողովուրդների փոխըմբռնման ամրապնդմանը», - այցի ընթացքում նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։