Նորություններ

04.07.2023

Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել է ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Նյու Դելիում առցանց ձևաչափով՝ Հնդկաստանի նախագահությամբ։

Գագաթնաժողովի թեման է՝ «Դեպի անվտանգ ՇՀԿ» («Towards a SECURE SCO»): Ավելին, SECURE ոչ միայն նշանակում է «անվտանգ», այլև հետևյալ բառերի և արտահայտությունների առաջին տառերի խորհրդանշական հապավումն է՝ անվտանգություն (security), տնտեսություն և առևտուր (economy and trade), փոխկապակցվածություն (connectivity), միասնություն (unity) , հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ (respect for sovereignty and territorial integrity), շրջակա միջավայր (environment):

Գագաթնաժողովին մասնակցել են ՇՀԿ անդամ պետությունների և դիտորդ պետությունների՝ Հնդկաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Պակիստանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Մոնղոլիայի և Թուրքմենստանի (հյուրի կարգավիճակով) ղեկավարները:

ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդին մասնակցելու հրավեր են ստացել նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՄԱԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ղեկավարները։ 

Գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է Նյու Դելիի հռչակագիրը, որով ամրագրված են կողմերի նորացված մոտեցումները ՇՀԿ գործունեության առանցքային հարցերի և գլոբալ խնդիրների վերաբերյալ։

Միխայիլ Մյասնիկովիչի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի փոխգործակցությունը Մեծ Եվրասիայի ինտեգրացիոն օրակարգի կարևորագույն տարրն է։ Սա հաստատում է ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև երկխոսության զարգացման վերաբերյալ գործարար շրջանակների բարձր պահանջը, այդ թվում՝ անխոչընդոտ տնտեսական միջավայրի ձևավորման, ազգային արժույթներով փոխադարձ առևտրում հաշվարկների մասնաբաժնի ավելացման և տրանսպորտալոգիստիկ և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։ Ըստ էության, ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն կազմում են Եվրասիական մայրցամաքի կորիզը, իսկ նրանց փոխհարաբերությունները մեծապես որոշում են տարածաշրջանի հետագա զարգացման վեկտորը։

ՇՀԿ-ի կազմում ընդգրկված են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ այսօրվանից՝ նաև Իրանը, որի լիաձևաչափ անդամությունը ձևակերպվել է գագաթնաժողովում։ Գագաթնաժողովի շրջանակներում նաև հուշագիր է ստորագրվել ՇՀԿ-ին անդամակցելու գործընթացում Բելառուսի համապատասխան պարտավորությունների վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ՇՀԿ-ի գործընկեր երկիր է, ԵԱՏՄ բոլոր հինգ պետություններն ակտիվորեն ներգրավված են այս կազմակերպության գործունեության մեջ։ Բացի այդ, 2021 թվականից Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՇՀԿ քարտուղարությունը սերտորեն փոխգործակցում են Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։

Կայացած գագաթնաժողովի առանցքային թեմաներից էր գիտատեխնիկական համագործակցությունը, որը, ինչպես նշել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը, էլ ավելի առաջնահերթ ուղղություն է դառնում։ Նա ընդգծել է, որ անդամ պետությունները հաստատել են արհեստական բանականության զարգացման ոլորտում համագործակցության պլանը, որը նախատեսում է արհեստական բանականության տեխնոլոգիաների հետազոտություններ, մշակումներ և լայն օգտագործում։ Նրա խոսքով, Հնդկաստանի նախագահության շրջանակներում ստեղծվում է համագործակցության նոր մեխանիզմ՝ նորարարությունների և ձեռնարկատիրության հարցերով աշխատանքային խումբ, որի նպատակն է նպաստել եվրասիական պետությունների համագործակցության ընդլայնմանը։ 2023-2024 թվականներին ՇՀԿ-ի նախագահությունն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը։

Հարկ է նշել, որ ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 270,2 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը՝ 157,5 մլրդ դոլար, ներմուծումը՝ 112,7 մլրդ դոլար (ապրանքաշրջանառության աճ՝ 40,3%, արտահանման՝ 56,6%, ներմուծման՝ 22,5%).