Նորություններ

18.10.2023

Միխայիլ Մյասնիկովիչ. «ԵԱՏՄ և ՉԺՀ տեխնոլոգիական զարգացման զուգակցումը կարող է մեծ սիներգետիկ արդյունքի բերել»

Այս առաջարկը հոկտեմբերի 18-ին Պեկինում (Չինաստան)՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում կայացած Միջազգային համագործակցության բարձր մակարդակի երրորդ համաժողովում հնչեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

«ԵԱՏՄ բոլոր երկրների ղեկավարները պաշտպանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի գաղափարը եվրասիական ինտեգրման և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգակցման վերաբերյալ,- նշել է Միխայիլ Մյասնիկովիչը՝ Փոխկապվածության բարձր մակարդակի համաժողովի շրջանակներում իր ելույթի ընթացքում։ - Սա մեր երկրների ղեկավարների խելամիտ և շատ կարևոր որոշում է։ Այն նշանավորեց անցումը միջազգային տնտեսական հարաբերությունների նոր պարադիգմին: Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն մեխանիզմների թափանցիկությունը, իրավահավասարությունն ու փոխլրացվելիությունը այս գաղափարի հիմնական սկզբունքներն են»։

Այս կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը հիշեցրել է, որ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է անցկացնել ԵԱՏՄ,-ի ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի համատեղ գագաթնաժողով՝ քննարկելու տնտեսական համագործակցության առանցքային խնդիրները, որոնք արդիական են Չինաստանի և նշված միջազգային կառույցներում ընդգրկված այլ երկրների համար։

Տեղեկացնելով Համաժողովի մասնակիցներին եվրասիական ինտեգրման և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զուգակցման իրականացման գործնական աշխատանքի մասին՝ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, ի կատարումն ԵԱՏՄ երկրների և Չինաստանի ղեկավարների որոշումների կողմերը ստորագրել են Համաձայնագիր առևտրատնտեսական համագործակցության մասին: 2023 թվականի փետրվարին հաստատվել է փոխգործակցության մի շարք առավել հեռանկարային ոլորտների ճանապարհային քարտեզ: Այս և այլ լուծումներն այսօր գործնականում օգնում են լուծել տրանսպորտային միջանցքների թվայնացման և երկաթուղային բեռնափոխադրումների ընթացքում փաստաթղթերի փոխանակման էլեկտրոնային ձևին անցնելու խնդիրները, ինչը զգալիորեն կրճատում է երթևեկության ժամանակը: Վարվում է կայուն երկխոսություն կլիմայական օրակարգի շուրջ, համագործակցություն է ապահովվում արդյունաբերության ոլորտում և էլեկտրոնային առևտրում։

«ԵԱՏՄ երկրների կառավարությունների և ՉԺՀ-ի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկած միջոցներն ու ջանքերը թույլ են տվել հասնել կոնկրետ արդյունքների,- ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ - Եվրասիական տնտեսական միության երկրների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2015-2022 թվականներին՝ ԵԱՏՄ գործունեության ընթացքում, աճել է 2.8 անգամ և փաստացի հասել 220 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային մակարդակ է փոխհարաբերությունների ողջ պատմության ընթացքում»:

Որպես չինական ուղղությամբ արդյունավետ աշխատանքի ևս մեկ վառ օրինակ՝ Համաժողովի շրջանակներում ներկայացվել է ԵՏՀ-ի կողմից մշակված «Եվրասիական ագրոէքսպրես» նախագիծը, որն ուղղված է ԵԱՏՄ երկրներից Չինաստան գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված կանոնավոր փոխադրումների համար հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միայն դրա իրականացման առաջին տարում Բելառուսից և Ռուսաստանի շրջաններից ՉԺՀ է ուղարկվել 18.5 հազար կոնտեյներ գյուղատնտեսական բեռներով, ինչը կազմում է Չինաստանի հետ առևտրի ընթացքում փոխադրված բոլոր նմանատիպ ապրանքների ավելի քան 7.5%-ը։

Եվրասիական տնտեսական միությունը ռեզերվներ ունի առանցքային առևտրատնտեսական գործընկերոջ հետ համագործակցության հետագա խորացման համար։ Հանձնաժողովն առաջարկում է, մասնավորապես, ակտիվացնել աշխատանքը տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացման ոլորտում ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Միությունում դրա համար անհրաժեշտ բազա է ստեղծվել։ 2022 թվականի օգոստոսին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են տրանսպորտի ոլորտում յոթ առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը, որոշվել են աշխատանքների ծավալները։ Միխայիլ Մյասնիկովիչը չինացի գործընկերներին հրավիրել է ավելի ակտիվ մասնակցել այս գործունեությանը, որի շրջանակներում, օրինակ, Բելառուսն ու ՉԺՀ-ն արդեն համատեղ իրականացրել են մի շարք խոշոր տրանսպորտային նախագծեր։

«Մենք համոզված ենք, որ մեր համատեղ գործողությունները թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային կապը Եվրասիայում։ Այդ նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակել և ներկայացրել է տրանսպորտալոգիստիկ մեգանախագծի հայեցակարգը Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության փոխգործակցության շրջանակներում», - հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։

Նրա կարծիքով՝ նպատակահարմար է, որ Միության երկրների և Չինաստանի առաջադեմ գիտելիքներ ու տեխնոլոգիաներ կրողներն ավելի ակտիվ աշխատեն ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ։ Միխայիլ Մյասնիկովիչը կարծում է, որ այս թեման կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման առանցքային թեմաներից մեկը։

Տեղեկանք

Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում միջազգային համագործակցության մակարդակի երրորդ համաժողովին մասնակցել են ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Վիետնամի նախագահ Վո Վան Թխիոնգը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը, Թաիլանդի վարչապետ Սեթխա Թխավիսինը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար ուլ-Հակ Կակարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ինչպես նաև ավելի քան 120 երկրի պետությունների, կառավարությունների, ոլորտային նախարարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։