Նորություններ

16.03.2023 (Обновлено: 20.03.2023 09:24)

Միխայիլ Մյասնիկովիչ. «Սահմանափակումների, պատժամիջոցների և համավարակի պայմաններում ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը»

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Մոսկվայում՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում խոսել է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում բիզնեսի դերի մասին։ ՌԱՁՄ համագումարի աշխատանքներին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ սահմանափակումների, պատժամիջոցների և համավարակի կարանտինային միջոցառումների պայմաններում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր կայացած լինելը։ «Եվրասիական տնտեսական միության կառավարությունների, բիզնեսի և կանոնադրական մարմինների ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ-ում ապրանքների փոխադարձ առևտրի ծավալները վերջին 3 տարում աճել է ավելի քան 35%-ով և հասել 83 մլրդ դոլար ռեկորդային արժեքի, - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։ - Միևնույն ժամանակ, կոոպերացիոն ապրանքների փոխադարձ առևտրի ցուցանիշները, ինչն առավելապես վկայում է համագործակցության մասշտաբների և խորության մասին, նույն ժամանակահատվածում աճել են մեկուկես անգամ»։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ Միության ընդհանուր շուկայի առավելությունների շնորհիվ հնարավոր է արագ ապահովել հումքի, լրակազմողների և վերջնական ապրանքների մատակարարման լոգիստիկ շղթաների ձևավորումը։

Միխայիլ Մյասնիկովիչը շեշտը դրել է պետական գնումների մեխանիզմի կատարելագործման վրա։ Նա հայտնել է, որ արդեն մշակվել են պետական գնումների նպատակով ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կանոններ, որոնք մշտապես կատարելագործվում են։ Դրանք մշակելիս Հանձնաժողովը և անդամ պետությունները պահպանում են կոոպերացիոն մոտեցումը, որը նպաստում է Միության երկրներում արտադրությունների տեղայնացմանը: Բացի այդ, գործում է Եվրասիական գրանցամատյանը, որի քաղվածքը հաստատում է ապրանքի ծագման երկիրը և բիզնեսին թույլ տալիս խուսափել բազմաթիվ վարչական խոչընդոտներից։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ երկրներին անհրաժեշտ է մեծացնել գործունեության բարձր տեխնոլոգիական տեսակների բաժինը։ «Սեղմ ժամանակում լուրջ ներդրումներ են պետք։ Առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել արդյունաբերության այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, էլեկտրոնային բաղադրիչային բազան, քիմիական արդյունաբերությունը և դեղագործության ոլորտը, ավիացիոն և բժշկական արդյունաբերությունը, ավտոմոբիլաշինությունը և հաստոցաշինությունը», - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ մեր Միությունում տեխնոլոգիական ինքնիշխանության ձեռքբերումը հնարավոր է գիտականորեն հիմնավորված մոտեցումների հիման վրա։

Տեխնիկական կարգավորման խնդիրների առնչությամբ ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ ներկայումս Միության շուկայում շրջանառվող ապրանքների 85%-ի համար սահմանված են անվտանգության միասնական պահանջներ։ «Կիրառվում է ավելի քան 15 հազար ստանդարտ։ Եվ միջպետական ստանդարտների անհրաժեշտությունը միայն աճում է։ Շատ կարևոր է ապահովել արդյունաբերության և բիզնեսի մասնակցությունը դրանց մշակման գործընթացին»,- վստահ է Միխայիլ Մյասնիկովիչը։