Նորություններ

18.11.2022 (Обновлено: 01.12.2022 10:18)

Կուբայում նախատեսում են է բացել ԵԱՏՄ արդյունաբերական պարկ

Այս հարցը նոյեմբերի 14-ից 18-ը Կուբայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը։ 

«Մարիել» հատուկ զարգացման գոտու (ՀԶԳ) տարածքում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական պարկի ստեղծման վերաբերյալ Կուբայի նախաձեռնության զարգացման շրջանակներում Նիկոլայ Կուշնարևը բանակցություններ է վարել «Մարիել» ՀԶԳ գլխավոր տնօրեն Անա Թերեզա Իգարսա Մարտինեսի հետ: Կողմերը մանրամասն քննարկել են եվրասիական արդյունաբերական պարկի ստեղծման պայմանները և ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ընկերություններին Կուբայի շուկայում աջակցության տրամադրման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրում և տարածաշրջանի ավելացված արժեքի ստեղծման շղթաներում:

Ինչպես նախատեսել են ծրագրի նախաձեռնողները, հեռանկարում «Մարիել» ՀԶԳ արդյունաբերական պարկում կարող են արտադրվել դեղագործական և կենսատեխնոլոգիական արտադրանք, բժշկական սարքավորումներ, մեքենաներ և սարքավորումներ գյուղատնտեսական և արդյունաբերական օգտագործման համար, բեռնատար և մարդատար մեքենաշինության համար, կենցաղային տեխնիկայի սարքավորումներ, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանային ռազմավարական գործընկերների շուկաներին (Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, Պերու, Մեքսիկա):

Նիկոլայ Կուշնարևը Կուբայի վարչապետ Մանուել Մարերոյի հետ քննարկել է ԵԱՏՄ պետությունների և Կուբայի Հանրապետության միջև արդյունաբերական համագործակցության հեռանկարները։ Հանդիպումը կայացել է Հավանայի FIHAV-2022 38-րդ միջազգային ցուցահանդեսի հարթակում։ Մանուել Մարերոն ընդգծել է Կուբայի մեծ հետաքրքրությունը ԵԱՏՄ պետությունների հետ արագացված կոոպերացիայի հարցում՝ շեշտը դնելով այնպիսի ոլորտներում համագործակցությանը, ինչպիսիք են մեքենաշինությունը, սև մետաղագործությունը, կենսատեխնոլոգիաները, դեղագործությունը։

«Մենք նաև հույս ունենք ընդլայնել Կուբայի և ԵԱՏՄ անդամ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդյունաբերական արտադրանքի փոխադարձ մատակարարումները»,- ասել է Կուբայի վարչապետը։

Նիկոլայ Կուշնարևն իր հերթին խոսել է Կուբայի արդյունաբերության նախարարության և «Մարիել» ՀԶԳ -ի հետ բանակցությունների արդյունքների և ձեռնարկությունների միջև համագործակցության հաստատման կոնկրետ քայլերի նախապատրաստման մասին։ 

«Մենք հրավիրում ենք ձեռնարկություններին, ընկերակցություններին և Կուբայի արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցելու մեր ոլորտային աշխատանքային խմբերի և տեխնիկական հարթակների աշխատանքին, ինչը կնպաստի կապերի հաստատմանը և կուբայական ընկերությունների ներգրավմանը համագործակցության շղթաներին», - ընդգծել է Հանձնաժողովի ներկայացուցիչը:

Տոնավաճառի շրջանակներում Նիկոլայ Կուշնարևը նաև բանակցություններ է վարել Կուբայի Հանրապետության արդյունաբերության նախարարության արդյունաբերական զարգացման գծով գլխավոր տնօրեն Էդիսմար Սաավեդրա Յերոյի, Կուբայի արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Ինալվիս Վոնասնեայի, GESIME մետաղագործական և մետաղամեխանիկական արդյունաբերության բիզնես խմբի փոխնախագահ Խորխե Լուիս Սուարես Ռոդրիգեսի, ինչպես նաև Կուբայի Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ: Կողմերը պայմանավորվել են Միության երկրների և Կուբայի միջև արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի շուրջ, ստորագրել աշխատանքային հանդիպման հուշագիր՝ ընդգծելով արդյունաբերության ոլորտում կողմերի միջև համագործակցության լայն հնարավորությունները։

Տեղեկանք

Հավանայի FIHAV-2022 միջազգային տոնավաճառը Կարիբյան ավազանի երկրներում 1983 թվականից ի վեր ամենախոշոր առևտրացուցահանդեսային միջոցառումներից մեկն է և Լատինական Ամերիկայի ամենաներկայացուցչականներից մեկը: 2020–2021 թթ. միջոցառումը չի անցկացվել COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով։ FIHAV-2022 տոնավաճառը հյուրընկալել էր ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ:

Ավելի քան 20 ռուսական ընկերություն, որոնք գործունեություն են իրականացնում ավտոմոբիլային, քիմիական, բժշկական, թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նախագծման, շինարարության և սարքավորումների արտադրության ոլորտում, ցուցադրել են իրենց արտադրանքն ու մշակումները Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին և վարչապետ Մանուել Մարերո Կրուզին:

«Մարիել» հատուկ զարգացման գոտին՝ 465,4 քառ. կմ ընդհանուր տարածքով, գտնվում է Արտեմիս նահանգի հյուսիսում։ ՀԶԳ-ն ստեղծվել է 2013 թվականին և ուղղակիորեն կառավարվում է Կուբայի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից: