Օրակարգում է նաև թվային փոխակերպման ոլորտում փոխգործակցության ակտիվացումը։ Մասնավորապես, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի և արտադրանքի շրջանառության մշտադիտարկման վերազգային համակարգերի գործարկումը թույլ կտա հայտնաբերել և միութենական շուկայից հեռացնել ոչ անվտանգ և անորակ ապրանքները: Անհրաժեշտ է արագացնել Միության անդամ պետություններում էլեկտրոնային իրավաբանորեն կարևոր փաստաթղթաշրջանառության համաձայնեցված ներդրման գործընթացը՝ իրավական և տեխնոլոգիական պայմաններ ապահովելով նման փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համար։ Կարևոր է, որ տնտեսական գործունեության ոլորտի թվային տեխնոլոգիաները և լուծումները ներդրվեն ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ ընդհանուր սկզբունքների և մոտեցումների հիման վրա, որոնք նպատակահարմար է ամրագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի առանձին ակտով։
Մեր երկրներն ունեն հզորագույն ագրոարդյունաբերական բազա, որը թույլ է տալիս ոչ միայն երաշխավորված կերպով ապահովել մեզ անհրաժեշտ բոլոր գյուղատնտեսական մթերքներով, այլև զգալի ծավալներով պարենամթերք արտահանել։ Պարենային անվտանգության ամրապնդման նպատակով առաջարկում ենք համատեղ մշակել գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցների լայն շրջանակ։
Նշեմ, որ ԵԱՏՄ ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում էներգետիկայի ոլորտում։ Անկասկած, ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման աշխատանքները պետք է շարունակվեն համակարգված և ստուգված հիմունքներով։ Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ամենաառաջադեմ տեխնոլոգիաների տիրապետելը թույլ կտա վստահորեն լուծել էներգետիկ անցման խնդիրը։
Հրատապ խնդիր է տնտեսական ռիսկերի հետևողական նվազեցումը, որոնք փոխադարձ առևտրի համար ստեղծվում են արտարժույթի և վճարային համակարգերի օգտագործման արդյունքում։ Հիմք ենք ընդունում այն, որ Միության ներսում կայուն հաշվարկային հարաբերությունների անբաժանելի պայման է Ռուսաստանի Բանկի Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին գործընկերների ներգրավումը և ազգային վճարային համակարգերի միջև միջհամակարգային փոխգործակցության զարգացումը։ Ֆինանսական շուկաների ներդաշնակեցումը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի անդամ երկրների կապիտալը մնա միավորման ներսում ու ներդրվի ազգային տնտեսություններում։ Բացի այդ, նպատակահարմար ենք համարում ուսումնասիրել Եվրասիական վարկանիշային գործակալության ձևավորման հնարավորությունը, որը գնահատման գործիքակազմ կապահովեր մեր մակրոտարածաշրջանի տարածքում աճող տնտեսական ակտիվության սպասարկման համար։
Ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացումը մեծապես կախված կլինի նաև Միության ձեռնարկությունների համար մրցակցային պայմանների հարթեցումից, այդ թվում՝ հարկային կարգավորման մերձեցման, հարկային վարչարարության առաջադեմ մեթոդների ներդրման, ինչպես նաև մեր արտաքին սահմաններին ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ մաքսային ընթացակարգերի միասնականացման հաշվին:
Եվ, իհարկե, կշարունակենք աշխատել ժամանակակից տնտեսական իրողություններին լիովին համապատասխանող նոր տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի ձևավորման ուղղությամբ։ Այսօր առանձնահատուկ նշանակություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետություններին կապող անկար, անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը:
Ինտեգրացիոն համագործակցության առանցքային ասպեկտներից է որակավորված կադրերի նախապատրաստումը և նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվրասիական աշխատաշուկան պետք է համապատասխանի բարձր տեխնոլոգիական արտադրությունների զարգացման, արտադրական գործընթացներում թվային տեխնոլոգիաների ներդրման լայնածավալ խնդիրներին։ Այս առումով կարևոր է ձգտել ազգային գիտատեխնիկական ծրագրերի ներդաշնակեցմանը, ընդհանուր կրթական և մասնագիտական ստանդարտների մշակմանը, կրթության համատեղ ծրագրերի և տեխնիկական և հումանիտար առարկաների ընդհանուր դասագրքերի գործարկմանը: Պետք է զարգացնել նաև միջբուհական ստաժավրման և ակադեմիական փոխանակումների պրակտիկան: Եվ ընդհանրապես, հումանիտար թեմաները՝ կրթության, մշակույթի, սպորտի հարցերը, չպետք է դուրս մնան մեր ինտեգրումից։ Իհարկե, միևնույն ժամանակ պետք է ավելի ակտիվ զբաղվել Եվրասիական տնտեսական միության, դրա ձեռքբերումների ու հնարավորությունները հանրայնացմամբ մեր երկրների բոլոր քաղաքացիների համար։
Հատուկ ընդգծեմ արտաքին գործընկերների ու միջազգային միավորումների հետ Միության փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման կարևորությունը։ Ակնհայտ է երրորդ երկրների հետ ազատ առևտրի մասին գործող համաձայնագրերի իրականացման դրական արդյունքը։ Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել Եգիպտոսի, Իրանի և Հնդկաստանի հետ նմանատիպ համաձայնագրերի շուրջ տարվող աշխատանքներն ավարտին հասցնելուն, ինչպես նաև բանակցային նոր ուղղություններ ակտիվացնել, այդ թվում՝ Ինդոնեզիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ «Միութենական» արտադրանքի արտահանման ավելացմանը և նոր լոգիստիկ շղթաների ստեղծմանը կնպաստեր Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի պետությունների հետ ԵԱՏՄ միջազգային կապերի և շփումների աշխարհագրության ընդլայնումը: Մեր միավորումը կարող է կատարել Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման առանցքային կենտրոններից մեկի դերը։
Այս բոլոր լայնածավալ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կլինի կատարելագործել մեր ստեղծած վերազգային ինստիտուտները, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Այս առումով անհրաժեշտ ենք համարում ընդլայնել վերջինիս իրավասությունները և քննարկել ԵՏՀ-ին ավելի մեծ լիազորություններ պատվիրակելու վերաբերյալ առաջարկներ։ Միաժամանակ, բոլոր առանցքային որոշումները, ինչպես նախկինում, պետք է ընդունվեն կոնսենսուսով։ Այս սկզբունքը մնում է հիմնական արժեքը, ընդհանուր ձեռքբերումը և մրցակցային առավելությունը:
Ավելի քան մեկ հազարամյակ շարունակ մեր ժողովուրդները միասին են ապրում և համատեղ յուրացնում իրենց աշխարհագրական տարածքը։ Միության երկրների ժողովուրդների պատմական ճակատագրի ընդհանուր ըմբռնումը, դարավոր տնտեսական կապի գիտակցումը, մշակութային ու սոցիալական ընդհանրության պահպանումն ու ամրապնդումը մեր ամբողջ գործունեության հաջողության գրավականն է։
Ակնկալում ենք ԵԱՏՄ անդամ պետությունների սերտ համագործակցություն և աջակցություն 2023 թվականին Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների գործնական իրականացման գործում։ Համոզված ենք, որ միասին նոր նշանակալի արդյունքների կհասնենք ինտեգրացիոն համագործակցության զարգացման գործում՝ ի շահ մեր ժողովուրդների։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտին