Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն» (ՌՆԳ) ԻՈԱԿ-ն հայտարարում են «Կանաչ Եվրասիա» առաջին միջազգային կլիմայական մրցույթը, որը կդառնա կլիմայի ոլորտի տարվա գլխավոր իրադարձությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում։
«Մրցույթն անցկացվում է մեր երկրների կայուն զարգացման ապահովմանն ուղղված կանաչ օրակարգի տեխնոլոգիական առաջատարներին հայտնաբերելու նպատակով։ Դիմորդների ընտրությունը կտևի մարտի 9-ից 31-ը», — հայտնել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը։
Մրցույթին մասնակցությունն անվճար է, յուրաքանչյուր կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել տարբեր անվանակարգերի առավելագույնը երեք նախագծերի համար, այդ թվում՝
· մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն,
· մաքուր արդյունաբերություն,
· կայուն գյուղատնտեսություն,
· ցածր ածխածնային տրանսպորտ,
· կանաչ շինարարություն,
· կանաչ ֆինանսավորում,
· թափոնների արդյունավետ գործածում,
· էկոլոգիական մշակույթ և բնակչության ներգրավում կլիմայական օրակարգին,
· բնապահպանական և կլիմայական մշտադիտարկում,
· ցածր ածխածնային զարգացման ոլորտի պետական քաղաքականություն:
Կարող են մասնակցել առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ, իշխանության մարմիններ, ոչ առևտրային կազմակերպություններ և միավորումներ և ֆիզիկական անձինք, որոնք պետք է հայտ լրացնեն հետևյալ կայքում՝ https://greeneurasia.asi.ru/?utm_source=eaeunion&utm_medium=banner&utm_campaign=start:
Փորձագիտական խմբի և մրցույթի նախագահության աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում կորոշվեն հաղթողը (1-ին տեղ) և եզրափակիչ փուլի մասնակիցները (2-րդ և 3-րդ տեղեր), որոնք կհրավիրվեն մրցանակաբաշխությանը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսի 24-ից 25-ը:
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2021 թվականին ստեղծվել է կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների դիրքորոշումների մերձեցման առաջարկների մշակման բարձր մակարդակի աշխատանքային խումբ (ԲՄԱԽ)։ ԲՄԱԽ-ի հարթակում 2021-2022 թվականներին ակտիվ աշխատանք է տարվել կլիմայական օրակարգի շրջանակներում Միության երկրների միջև համագործակցության միջոցառումների (ճանապարհային քարտեզի) առաջին փաթեթի համաձայնեցման ուղղությամբ, որն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Ճանապարհային քարտեզի կետերից մեկը նախատեսում է
Կլիմայական տեխնոլոգիաների և թվային նախաձեռնությունների բանկի ձևավորում: Ինչպես ինտեգրացիոն միավորման ներսում, այնպես էլ դրանից դուրս անդամ պետությունների լավագույն տեխնոլոգիաների հետագա առաջմղման նպատակով ՌՆԳ-ն ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնում է «Կանաչ Եվրասիա» մրցույթը: