Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միության հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ամենամսյա վերլուծական ակնարկը։
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ-ում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ 3.7%-ով, կատարված շինարարական աշխատանքների ծավալի՝ 8.6%-ով, մանրածախ առևտրի շրջանառության՝ 6.6%-ով։ Համախառն ներքին արդյունքը 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ նախնական գնահատականների, կազմել է 2,391.9 մլրդ ԱՄՆ դոլար (2022 թվականի հունվար-դեկտեմբերի մակարդակի 103.8%)։
Բեռնաշրջանառությունն այս ժամանակահատվածում աճել է Ղրղզստանում (8.2%-ով) և Ղազախստանում (3.1%-ով), ուղևորաշրջանառությունը՝ Հայաստանում (63.3%-ով), Ռուսաստանում (12.8%-ով), Ղազախստանում (10.3%-ով), Ղրղզստանում (8.7%-ով) և Բելառուսում (7.8%-ով):
ԵԱՏՄ-ում գրանցված գործազրկության մակարդակը կազմել է աշխատուժի թվաքանակի 0.8%-ը։
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հիմնական սոցիալտնտեսական ցուցանիշները, բացի ԱՄՆ դոլարից, հաշվարկվում են ԵԱՏՄ անդամ պետությունների արժույթներով։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվություն ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Վերլուծական ակնարկներ» բաժնում: