Հիշեցնենք, որ ալկոհոլային արտադրանքի մասին տեխկանոնակարգն ընդունվել է 2018 թվականին: Այն Միության երկրներում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ է սահմանում արտադրվող ալկոհոլի և վերջինիս արտադրման գործընթացների, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման նկատմամբ, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը և համապատասխանության գնահատման ընթացակարգին ներկայացվող պահանջները:
Անցումային դրույթներն, իրենց հերթին, սահմանում են, որ ալկոհոլային արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ մինչև տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելն ընդունված փաստաթղթերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը: Նման փաստաթղթերի առկայության դեպքում մինչև նշված ժամկետը թույլատրվում է ալկոհոլի արտադրությունը և շուկայահանումը:
Բացի այդ, այս ժամանակահատվածում միութենական պետություններում հնարավոր է արտադրել և շուկայահանել այնպիսի արտադրանք, որը մինչև տեխկանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը ենթակա չէ համապատասխանության պարտադիր գնահատման, առանց այդպիսի գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման:
Անցումային դրույթները հաշվի առնելով թողարկված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է այդ արտադրանքի՝ արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում:
Եռամյա անցումային շրջանը այդ ապրանքն արտադրողներին թույլ է տալիս մինչև 2027 թվականի հունվարի 1-ը սահուն անցնել տեխկանոնակարգի նորմերի կատարմանը: