Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ռուսական կողմի առաջարկությամբ որոշել է հետաձգել «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը նշված տեխկանոնակարգում մի շարք տեխնիկական փոփոխություններ համաձայնեցնելու և կատարելու նպատակով։
Սահմանված ժամկետն իրականացնելու համար ԵՏՀ խորհրդի նույն որոշմամբ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առաջարկվել է դրա ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան չորս ամսվա ընթացքում ապահովել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 46-րդ կետին համապատասխան տեխկանոնակարգերի փոփոխությունների նախագծի մշակումն ու հաստատումը անդամ պետություններում ներպետական հաստատման արդյունքների հիման վրա:
Նույն ժամանակահատվածում անհրաժեշտ է կարգավորել գարեջրագործության և գինեգործության արտադրանքին ներկայացվող պահանջներին առնչվող հարցերը։
ԵՏՀ խորհրդի ընդունած որոշումը թույլ կտա վերացնել տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթների անճշտություններն ու տեխնիկական սխալները, ինչը ալկոհոլային շուկայի մասնակիցներին թույլ կտա խուսափել սպառողներին մոլորեցնելուց, ինչպես նաև վերացնել քաղաքացիների առողջությանն ու կյանքին հնարավոր վնաս պատճառելու ռիսկերը։