Նորություններ

12.04.2024

ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռնարկատերերը կշարունակեն համագործակցությունը Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացմանն ուղղված միջոցառումների 2023 թվականի դեկտեմբերի 25-ի պլանը։ Փաստաթուղթը, ի թիվս այլնի, նախատեսում է կողմերի գործարար համայնքների միջև համագործակցության խորացում։

«Մասնավորապես, կմշակվի հերթական Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի՝ որպես գործընկեր մասնակցելու հարցը։ Հանդիպման շրջանակներում նախատեսվում է «ԵԱՏՄ-Իրան» գործարար երկխոսության կազմակերպում և անցկացում, — պատմել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Կողմերի միջև գործարար երկխոսության հարթակ ստեղծելու նպատակով նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքագործության և գյուղատնտեսության պալատի միջև համագործակցության մասին գործող՝ 2019 թվականի սեպտեմբերի 25-ի հուշագրում կամ նոր հուշագիր կնքել։ Միջոցառումներն այս հարթակի շրջանակներում կիրականացվեն՝ հաշվի առնելով ոլորտային փոխգործակցության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են փոխգործակցությունը տրանսպորտի ոլորտում, մուլտմոդալ փոխադրումների զարգացումը, գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտի համատեղ նախագծերը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն շփումների հաստատումը, վառելիքաէներգետիկ համալիրի նախագծերը, ինչպես նաև էներգարդյունավետությունը, էներգախնայողությունը և էներգիայի վերականգնվող աղբյուրները, կրթությունը, բժշկությունը, հեռահաղորդակցությունը:

Գործարար համայնքներից ստացվող առաջարկները կմշակվեն ու կքննարկվեն Համատեղ կոմիտեի կողմից, որը հիմնադրվում է Համաձայնագրի կիրառման և ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար:

Լրացուցիչ կողմերը կպատրաստեն առևտրին աջակցության կազմակերպությունների համատեղ միջոցառումների պլան, որը կներառի գործարար համաժողովների, ցուցահանդեսների, գործարար առաքելությունների անցկացումը և այլն։