Նորություններ

23.05.2023

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցեն ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ

Իշխանության մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ավելի քան 2700 ներկայացուցիչ կմասնակցի մայիսի 24-ից 25-ը Մոսկվայում անցնող 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրին: Համաժողովն անցկացվելու է «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» կարգախոսի ներքո։ ԵՏՀ-2023-ի շրջանակներում կանցկացվի շուրջ 35 գործարար նստաշրջան: Առանցքային միջոցառումը կլինի Համաժողովի լիագումար նիստը:


«Համաժողովին իրենց մասնակցությունը հաստատած ավելի քան 2700 հյուրից ավելի քան 500 օտարերկրյա ներկայացուցիչ կա 54 պետությունից: Քննարկումները Համաժողովի հարթակներում նպատակ ունեն մշակել կոնկրետ գործնական լուծումներ՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տարածաշրջանի երկրների համակողմանի տնտեսական զարգացմանը։ Միևնույն ժամանակ, Համաժողովը կդառնա բիզնես երկխոսության հարթակ. ակնկալում ենք ավելի քան 450 ընկերության ավելի քան 650 բիզնես ներկայացուցչի մասնակցություն», — ընդգծել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։

Սպասվում է նաև, որ համաժողովի միջոցառումներին կմասնակցեն Միավորված ազգերի կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։

Առանցքային քննարկումներից մեկը կանցկացվի «ԵԱՏՄ 2030+ գերակայությունները» ռազմավարական բլոկի նստաշրջանի շրջանակներում։ Ակնկալվում է, որ նստաշրջանի մասնակից կդառնան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը։

Նստաշրջանի գլխավոր թեման մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածի ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորների քննարկումն է։

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվում է 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում, և դրա նպատակն է Եվրասիական տարածքում կոոպերացիոն կապերի կատարելագործումը։