Նորություններ

21.11.2022

Կատարվել է Ղրղզստանի արդիականացված անցակետերի մաքսային ենթակառուցվածքի մշտադիտարկում

Նոյեմբերի 14-ից 18-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները և ԵԱՏՄ պետությունների լիազոր ներկայացուցիչները՝ Հանձնաժողովի Մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն Դանիյար Իմանալիևի ղեկավարությամբ, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության և «Կըրգըզ Թեմիր Ժոլու» ազգային ընկերություն» պետական ձեռնարկության ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել են Միության մաքսային սահմանին Ղրղզստանի Հանրապետության անցակետերի մաքսային ենթակառուցվածքի տարրերի կահավորվածության նյութատեխնիկական հագեցման մշտադիտարկում։

Մշտադիտարկման մասնակիցները ծանոթացել են «Իրքեշթամ», «Դոստուկ», «Կըզըլ-Կիա» ավտոմոբիլային անցակետերի և «Կարա-Սուու», «Ջալալ-Աբադ», «Շամալդի-Սայ», «Կըզըլ-Կիա» երկաթուղային անցակետերի արդիականացմանը, անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկական միջոցներով և մաքսային վերահսկողության համակարգերի դրանց լրազինմանը:

Մոնիտորինգի արդյունքներով եզրակացվել է, որ նշված անցակետերի մաքսային ենթակառուցվածքի տարրերի կահավորվածության և նյութատեխնիկական հագեցման մասով ԵԱՏՄ-ին Ղրղզստանի Հանրապետության միանալու շրջանակներում նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով: Նշվել է անցակետերի հագեցվածության և մաքսային վերահսկողության տեխնիկական միջոցների շահագործման և օգտագործման համար Ղրղզստանի մաքսային ծառայության պաշտոնատար անձանց նախապատրաստման բարձր մակարդակը:

«Մեր այցելած արդիականացված անցակետերը լիովին համապատասխանում են Միության մաքսային պահանջներին, - ընդգծել է Դանիյար Իմանալիևը։ – Հանձնաժողովը անդամ պետությունների կառավարություններին կտեղեկացնի մշտադիտարկման արդյունքների մասին: 2023 թվականին մեր երկրների լիազոր ներկայացուցիչների հետ համատեղ նախատեսում ենք կատարել Ղրղզստանի Հանրապետության մնացած անցակետերի մշտադիտարկում՝ համոզվելու համար, որ մաքսային ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված բոլոր ծրագրված միջոցառումներն ավարտված են»։