Մարտի 13-14-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում տեղի են ունեցել խորհրդատվություններ Եվրասիական տնտեսական միության ու նրա անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ, որը սահմանափակ ապրանքային ծածկույթ է ենթադրում:
Մոնղոլիան ԵԱՏՄ-ի գերակա գործընկերներից է, որի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը հատկապես կարևոր է։
Միությունը և Մոնղոլիան լայն հնարավորություններ ունեն ինչպես ազգային արդյունաբերական արտադրությունների մրցունակության մակարդակները բարձրացնելու, այնպես էլ երկկողմ առևտուրը խորացնելու, ինչպես նաև միմյանց շուկաներ մուտք գործելու պայմանները բարելավելու համար:
«Ապագա պայմանավորվածությունները պետք է լինեն փոխշահավետ և ունենան մեր ժողովուրդների և մեր բիզնեսի անվերապահ աջակցությունը: Պատահական չէ, որ սկսեցինք խոսել ժամանակավոր համաձայնագրի մասին, քանի որ ժամանակն իսկապես լուրջ նշանակություն ունի: Մեզ համար կարևոր է արագ և օպերատիվորեն հասնել այն արդյունքի, որը կզգան բոլորը»,- բացելով խորհրդատվությունները, ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
«Հարկ է նշել, որ դեռ Խորհրդային Միության ժամանակներից Մոնղոլիան Ռուսաստանին և ԵԱՏՄ մյուս երկրներին համարում էր առաջնահերթ արտաքին առևտրային գործընկերներ, սակայն այսօրվա դրությամբ նրանց մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառությունում մեծ չէ։ Ապագա համաձայնագիրը պետք է խթան տա ստեղծված իրավիճակը փոխելու համար»,- իր հերթին նշել է Մոնղոլիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի և զարգացման նախարար Չիմեդիյն Խուրելբաատարը։
Խորհրդատվությունների արդյունքում կողմերը հաստատել են են, որ մտադիր են ավարտել համաձայնագրի շուրջ աշխատանքը մինչև տարեվերջ։
Տեղեկանք
2017-2021 թվականների ընթացքում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 34%-ով՝ հասնելով 1.96 մլրդ դոլարի։