ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը մայիսի 31-ին Պեկինում՝ Չինաստանի Ժենմին համալսարանին կից Չոնյանի Ֆինանսական հետազոտությունների ինստիտուտում կայացած սեմինարի ընթացքում խոսել է եվրասիական ինտեգրացիոն նախագծի և չինական «Մեկ գոտի — մեկ ճանապարհ» նախաձեռնության կապակցման խնդիրներին համապատասխանող տնտեսական համագործակցության կարևորության, ինչպես նաև Մեծ Եվրասիայի տարածքում նոր տեխնոլոգիական և աշխարհատնտեսական կացութաձևերին անցնելու գործընթացների մասին։
«ԵԱՏՄ-ում ինտեգրման ձեռք բերված մակարդակը, մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության զարգացման բարձրագույն մակարդակով համաձայնեցված խնդիրների լուծումը դնում են այն Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման կենտրոնում», — ասել է Սերգեյ Գլազևը։ ԵԱՏՄ-ի և ՄԳՄՃ-ի կապակցումը կարող է դառնալ նոր աշխարհատնտեսական կացութաձևի կայացման առանցքը:
Սեմինարի ընթացքում ԵՏՀ նախարարը բացատրել է համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միտումները՝ կապված տեխնոլոգիական և աշխարհատնտեսական կացութաձևերի փոփոխության հետ, և ցույց տվել դրանց ազդեցությունը ՉԺՀ-ում և ամբողջ Հարավարևելյան Ասիայում ձևավորվող համաշխարհային տնտեսության նոր կենտրոնի հետ ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
Սեմինարի ընթացքում հատուկ անդրադարձել են ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում վճարումների և հաշվարկների դժվարությունների պատճառով առևտրում առաջացող արգելքների վերացման անհրաժեշտությանը։ Հիմնավորվել են թվային գործիքների օգտագործման, մասնագիտացված բանկերի ստեղծման, ֆինանսական շուկայի ազգային ենթակառուցվածքների միացման միջոցով դրանց հաղթահարման առաջարկները։
Գլազևն ընդգծել է, որ ՄԵԳ-ի ձևավորման հիմնարար գործոններից է եվրասիական տարածքում առաջատար տնտեսությունների և տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների, այդ թվում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՇՀԿ և ԱՍԵԱՆ միջև երկխոսության խորացումը։ Ժամանակակից իրողություններում միջազգային արժութաֆինանսական համակարգի բարեփոխման, տեղեկատվական անվտանգության, թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ միջինտեգրացիոն երկխոսության ձևաչափը դառնում է նոր աշխարհատնտեսական կացութաձևի ստեղծման կարևոր բաղադրիչ:
Դոկտոր Վան Վենը հայտարարել է համալսարանի հարթակում համաշխարհային տնտեսության ապագայի համար պատասխանատվության և գլոբալ կառավարման արդար համակարգի ստեղծման հարցերի հետագա քննարկման մասին: Այս թեմաները համահունչ են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 16-ին Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի արտահայտած մտքերին։ Այսպես, մասնավորապես, նշվել է ՄԱԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ միջազգային բազմակողմ հարթակների շրջանակներում սերտ համակարգումը շարունակելու մտադրությունը,
ինչպես նաև հիմնական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ շփումների պահպանումը՝ ցուցադրելով միջազգային դերը գլոբալ կառավարման արդար համակարգի ստեղծմանն աջակցելու գործում: