Նորություններ

04.04.2023

Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը

2023 թվականի ապրիլի 3-ին ուժի մեջ է մտել 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվել են Միության բոլոր պետություններում, ինչի վերաբերյալ ԵՏՀ-ն համապատասխան նոտաներ է ստացել։ 

Փաստաթուղթն ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և իրավական հիմք է սահմանում ԵԱՏՄ-ում ապրանքների և փոխադրամիջոցների փոխադրման դեպքում վերահսկողության տեխնոլոգիական հսկողության նոր գործիքի՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար։

Միևնույն ժամանակ, Համաձայնագրի գործողության ոլորտը տարածվում է բացառապես Միության երկու և ավելի երկրների տարածքներով իրականացվող փոխադրումների վրա։

Նավիգացիոն կապարակնիքը սարք է, որի օգնությամբ հեռակառավարմամբ ապահովվում է ապրանքների և փոխադրամիջոցների տեղաշարժի վերահսկողությունը:

Նշված տեխնոլոգիայի օգտագործումը թույլ է տալիս առցանց՝ հարյուրավոր և հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա հետևել փոխադրամիջոցին և արձանագրել կապարակնքված բեռնախցիկում առկա ապրանքների հետ յուրաքանչյուր անօրինական գործողություն, եթե դրանք տեղի ունենան:

Նավիգացիոն կապարակնիքների կիրառման հաշվին ապահովվում է փոխադրումների «թափանցիկությունը»։

Համաձայնագիրը նպատակաուղղված է ապրանքների փոխադրման (տարանցման, արտահանման դեպքում և փոխադարձ առևտրի շրջանակներում) ընթացքում պետական վերահսկողության միջոցները նվազագույնի հասցնելուն և Միության տարածքում դրանց օրինական շրջանառության ապահովմանը։

Համաձայնագիրը նախատեսում է հետագծման փուլային ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և դրանք փոխադրող տրանսպորտի տեսակները։ Այս մոտեցումը կապահովի փոխադրումների մասնակիցների և պետական մարմինների մեղմ հարմարեցումը նոր՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմաններին:

Այսօրվա իրողությունները վկայում են, որ վերահսկողության նոր ժամանակակից գործիքը համապատասխանում է ինչպես վերահսկիչ մարմինների, այնպես էլ ԱՏԳ սուբյեկտների շահերին։

Տեղեկանք

Այս տարվա մարտի 7-ին ԵՏՀ Կոլեգիան հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի ներդրման միջոցառումների պլանը: Համապատասխան ճանապարհային քարտեզը, որը պետք է հաստատի նաև ԵՏՀ Խորհրդը՝ Եվրասիական «հնգյակի» երկրների փոխվարչապետերի մակարդակով, պարունակում է համալիր միջոցառումներ։ Դրանց իրականացումը ԵԱՏՄ երկրներում թույլ կտա սկսել փոխադրումների հետագծումը 2024 թվականի հունվարին։