Նորություններ

17.04.2024

ԵԱՏՄ երկրների նավթագազային մեքենաշինության ձեռնարկությունների համագործակցությունը քննարկվել է Եվրասիական նավթագազային համաժողովում

«Սարքավորումներ և տեխնոլոգիաներ նավթագազային համալիրի համար» (Նեֆտեգազ 2024) միջազգային ցուցահանդեսի աշխատանքների շրջանակներում ապրիլի 16-ին կայացել է Եվրասիական նավթագազային համաժողովը, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչությունը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հետ միասին կլոր սեղան է անցկացրել «Եվրասիական տնտեսական միության պետություններում նավթագազային մեքենաշինության ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցությունը» թեմայով։

Որպես բանախոս կլոր սեղանին մասնակցել են ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի, Նավթագազային տեխնոլոգիական նախաձեռնությունների ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի և ԵԱՏՄ երկրների ոլորտային գործարար համայնքի ներկայացուցիչներ:

ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը խոսել է Հանձնաժողովի՝ կոոպերացիոն համագործակցության խթանմանն ուղղված գործիքների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր գործիքի մասին։

ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դմիտրի Կուրոչկինը հայտնել է Միությունում արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը ՌԴ ԱԱՊ մասնակցության մասին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է նավթագազային մեքենաշինության ոլորտում Հայաստանի ձեռնարկությունների արտադրական և տեխնոլոգիական ներուժի մասին։ ԵԱՏՄ երկրների ոլորտային գործարար համայնքի ներկայացուցիչներն անդրադարձել են ոլորտի ընթացիկ վիճակի և կարիքների հարցերին։

Կլոր սեղանի արդյունքում մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել նավթագազային մեքենաշինության ձեռնարկությունների համագործակցությունը Միության շրջանակներում՝ Հանձնաժողովի գործիքների օգտագործմամբ։

Տեղեկանք

«Նեֆտեգազ» ցուցահանդեսը կազմակերպում է «Էքսպոցենտր» ԲԲԸ-ն՝ ՌԴ էներգետիկայի նախարարության, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աջակցությամբ՝ ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո:

Ցուցահանդեսն ընդգրկված է աշխարհի խոշորագույն նավթագազային ցուցահանդեսների տասնյակում, տարբեր երկրների արտադրողներին և մատակարարներին հնարավորություն է տալիս մասնագետներին ցուցադրելու նավթագազային և նավթավերամշակման իրենց նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիաները, հաստատելու և ընդլայնելու գործարար կապերը և քննարկելու առջև դրված հարցերի լայն շրջանակ:

2016 թվականից ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի նավթագազային համաժողովի հետ համատեղ։