Նորություններ

18.11.2022 (Обновлено: 01.12.2022 09:52)

ԵԱՏՄ-ում քննարկվել է տնտեսական նոր իրականության մեջ կայուն զարգացման ապահովումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացած «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունը և կայունությունը. հնարավորություններ պետության և բիզնեսի համար» իններորդ ամենամյա միջազգային մակրոտնտեսական սեմինարի մասնակիցները քննարկել են կայունության և տնտեսական անվտանգության ապահովման հարցեր։

Ինչպես ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն, սեմինարի մոդերատոր Ասկար Ջապարկուլովը, համաշխարհային տնտեսությունը, վերականգնված չլինելով COVID-19-ից հետո, բախվել է նոր մարտահրավերների, որոնց պատճառներն էին աշխարհաքաղաքական լարվածությունը, պատժամիջոցները, տեխնոլոգիական փոփոխությունները և էներգետիկ անցումը։ Լոգիստիկայի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ինչի արդյունքում մատակարարումների արժեքը մի քանի անգամ բարձրացել է։ Հակառուսական պատժամիջոցները վերջնականապես փոխեցին իրավիճակը համաշխարհային շուկաներում: 

«Գները, առաջին հերոին՝ պարենամթերքի և վառելիքի, չափազանց արագ են աճում: Շատ երկրներում արձանագրվել է 30-40 տարվա ընթացքում ռեկորդային գնաճ։ Ի պատասխան աճող գնաճի՝ կենտրոնական բանկերը խստացնում են իրենց դրամավարկային քաղաքականությունը. կենտրոնական բանկերի մոտ 75%-ը տարվա ընթացքում բարձրացրել է տոկոսադրույքները»,- ասել է Ասկար Ջապարկուլովը։ 

Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումակովսկին իր հերթին կարևորել է ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության հարցերի լուծումը բոլոր ոլորտներում՝ տնտեսական, ֆինանսական, վճարային և այլն։ Նա ընդգծել է պետական մարմինների, ակադեմիական շրջանակների և բիզնեսի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Սեմինարի մասնակիցները քննարկել են հնարավոր գլոբալ ռեցեսիայի հաղթահարման ուղիները երկրների և ինտեգրացիոն միավորումների մակարդակով։  

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի գլոբալիզացիայի և զարգացման ռազմավարությունների ստորաբաժանման ղեկավար Իգոր Պաունովիչը ներկայացրել է այս խնդրի լուծման իր տեսլականը. «Մեզ անհրաժեշտ է զարգացման նոր մոդել, որը բարգավաճում կապահովի բոլորի համար: Այս մոդելի առանցքը հիմնարար սոցիալ-տնտեսական վերափոխումն է, որը հիմնված է տնտեսության ապաածխաթթվացման, հանրային բարիքներում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մեծածավալ ներդրումների վրա: 

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի մակրոտնտեսության և զարգացման քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Անաստասիա Նեսվետալովան ավելացրել է, որ տոկոսադրույքների բարձրացումը, որն ընտրվել է որպես հիմնական հակագնաճային գործիք, ներկա իրավիճակում հակաարդյունավետ է։  

«Գնաճի կառուցվածքն այսօր ներառում է պահանջարկի, առաջարկի գործոններ, ինչպես նաև մի խումբ գործոններ, որոնք կապված են շուկաների նկատմամբ կորպորատիվ վերահսկողության և ֆինանսական սպեկուլյացիայի հետ: Տոկոսադրույքների բարձրացումը ոչ միայն չի կարող լուծել առաջարկի կապերի խափանումների և կորպորացիաների ու բանկերի վարքագծի հարցը, այլև կխորացնի այդ խնդիրները: Ուստի կարգավորիչ միջոցների համալիր փաթեթը, որը ներառում է ֆիսկալային աջակցության ռազմավարությունը, սպառողների պաշտպանության միջոցները և գների ընտրովի վերահսկողությունը, կկարողանա պահպանել համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայից 2023 թվականին»,- վստահություն է հայտնել փորձագետը։

Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անտոն Մալախովը խոսել է նոր պայմաններում Եվրասիական տարածաշրջանում տրանսպորտային կապի կոնֆիգուրացիայի փոփոխության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների մասին, որի մասնակիցներից մեկը Հայաստանն է։

«ԵԱԶԲ-ի նոր հետազոտության շրջանակներում հավաքվել է այս միջանցքի զարգացման համար ներդրումային ծրագրերի տվյալների բազան, որն ընդգրկել է ավելի քան 100 նախագիծ՝ ավելի քան 38 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով», - սեմինարի մասնակիցներին հայտնել է Անտոն Մալախովը:

Սեմինարի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են պատժամիջոցների պայմաններում պարենային անվտանգության ապահովումը, գնաճի բարձր մակարդակի և անորոշության պայմաններում տնտեսական աճի խթանման մեթոդները։ Բանախոսները խոսել են տրանսպորտի ոլորտում պետության և բիզնեսի միջև տարածաշրջանային համագործակցության և փոխգործակցության զարգացման, ֆինանսական և վճարային ոլորտների վերափոխման, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների կազմակերպված աճուրդների և ներկա պայմաններում բնապահպանական սկզբունքներին ընկերությունների նվիրվածության մասին: Ուշադրություն է դարձվել նաև տեղեկատվական և տեխնոլոգիական անվտանգությանը։ 

Մոսկվա քաղաքի Ներդրումային և արդյունաբերական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էմիլ Պետրոսյանն անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը և հայտնել ներդրողներին աջակցելու իր պատրաստակամության մասին։

«Ներկայիս տնտեսապես բարդ և անկայուն ժամանակաշրջանում Մոսկվան պատրաստ է ներդրողներին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից, տրամադրել աջակցության աննախադեպ միջոցներ քաղաքի տարածքում նախագծերի իրականացման համար՝ ֆինանսական և գույքային աջակցություն (հողամասի տրամադրում), տեղայնացում հատուկ տնտեսական գոտում, արտադրանքի երաշխավորված իրացում, ներդրողների ուղեկցում «մեկ պատուհանի» ռեժիմով և այլն։ Նշեմ, որ 2019 թվականից ի վեր Մոսկվան նույնպես ակտիվորեն խթանում է կայուն զարգացման նախագծերը ինչպես քաղաքի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ երկրների տարածաշրջաններում», - ասել է Էմիլ Պետրոսյանը։ 

Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովն իր կարծիքն է հայտնել ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիայի ընդլայնման համար նոր հնարավորություններ ստեղծելու և տեխնոլոգիական և կադրային ինքնիշխանության, պետական կարգավորման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտության մասին։

«Գործակալությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ աջակցում է Ռազմավարական նախաձեռնությունների և զարգացման ինստիտուտների եվրասիական կոնսորցիումի ստեղծման գաղափարին։ Համատեղ գործունեության արդյունքներից մեկը, փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակումից բացի, կարող է լինել ԵԱՏՄ երկրների համար նոր ներդրումային հարացույցի ստեղծումը, որը կտարբերվի ՏՀԶԿ, ՀԲ և ՅՈՒՆԿՏԱԴ-ի գործող մոտեցումներից։ Այս համատեքստում ԵԱՏՄ-ում ներդրումներ ներգրավելու հիմնական գործոնը պետք է լինի ազգային տնտեսությունների կողմից բավարար պահանջարկի ձևավորումը»,- հայտնել է Անտոն Մոսկալենկովը։ 

Ամփոփելով՝ սեմինարի մասնակիցները պայմանավորվել են բիզնեսի և հասարակության շահերին համապատասխանող և մարդկային ներուժի բացահայտմանը, մեր երկրների բնակչության կենսամակարդակի և կյանքի որակի բարձրացմանը նպաստող կայուն զարգացման ապահովման հարցերում հավասարակշռված դիրքորոշում ձևավորելու անհրաժեշտության մասին: 

«Օգտագործելով իր վերազգային հնարավորությունները, Հանձնաժողովը՝ կողմերի, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ սերտ համագործակցությամբ, կշարունակի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ՝ ստացված արդյունքները ներդնելով ԵԱՏՄ մակարդակով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման փաստաթղթերում», - ամփոփել է Ասկար Ջապարկուլովը: