Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան օգոստոսի 23-ի նիստի ընթացքում հանձնարարական է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման վերաբերյալ:
Հանձնարարականները ներառում են ԵԱՏՄ-ում ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման ուղեցույց, որը պարունակում է Միությունում նախկինում չկարգավորված մի շարք ընթացակարգեր: Մասնավորապես, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի միջպետական ստանդարտների մշակման ծրագրերի նախապատրաստումն ու հաստատումը, ինչպես նաև ստանդարտացման ազգային մարմինների փոխգործակցությունը միջպետական ստանդարտների պլանավորման և մշակման (փոփոխման, վերանայման) ուղղությամբ:
ԵԱՏՄ-ում ստանդարտացման զարգացման և անդամ պետություններում նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության համաձայնեցված գործողություններ իրականացնելու համար նախատեսվում է ստանդարտացման մարմինների փոխգործակցություն՝ ԵԱՏՄ-ում այս ոլորտի զարգացման ուղղությունների և հեռանկարների որոշման, առաջանցիկ ստանդարտացման ոլորտում Միության երկրների համաձայնեցված գործողությունների իրագործման արդյունավետ մեխանիզմների ձևավորման, ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրության կատարելագործման և ներդաշնակեցման և այլ տեղեկատվական փոխգործակցության ուղղությամբ:
«Հանձնարարականի դրույթների կիրառումը կնպաստի ԵԱՏՄ-ում ստանդարտացման ոլորտի զարգացմանը, Միության տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև առաջադեմ միջազգային և տարածաշրջանային ստանդարտների կիրառման ապահովման աշխատանքների համակարգային պլանավորմանը» , - նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն:
Տեղեկանք
Հանձնարարականը թույլ կտա փորձարկել ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման մեխանիզմները, որը կդառնա առաջին քայլը Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը Հանձնաժողովի կողմից հաստատելու ուղղությամբ: Նման կարգի մշակումը նախատեսված է Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով, որոնք հաստատված են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ։