Նորություններ

29.08.2022

ԵԱՏՄ-ում մշակում են կոոպերացիոն նախագծերի արտոնյալ ֆինանսավորման մեխանիզմներ

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման կայուն աղբյուրների վերաբերյալ առաջարկների մշակմանը։ ԵՄԿԽ կարգադրության համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության պետությունների կառավարությունների հետ համատեղ 2022 թվականի չորրորդ եռամսյակում առաջարկներ կներկայացնի տնտեսության իրական հատվածում, հատկապես արդյունաբերության այն ոլորտներում, որոնք մեծապես կախված են օտարերկրյա արտադրանքի ներմուծումից, ինտեգրացիոն նախագծերի իրականացման համար արտոնյալ ֆինանսավորման կոնկրետ աղբյուրների և մեխանիզմների վերաբերյալ։

«Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները պաշտպանել են Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի նախաձեռնությունները՝ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք առաջնահերթություններ ենք տեսնում ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, որտեղ նկատվում է ներմուծումից մեծ կախվածություն, օրինակ՝ ավիաշինության, միկրոէլեկտրոնիկայի, դեղագործության ոլորտում, բայց, անշուշտ, դիտարկելու նաև բիզնեսի այլ նախագծեր, որտեղ առկա է կոոպերացիոն բաղադրիչ,- իր ելույթում ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը: -Սա թույլ կտա խթանել Միության արդյունաբերական համալիրի զարգացումը, կնպաստի բարձր ավելացված արժեքով նորարարական արտադրանքի ստեղծմանը, ինչպես նաև կխթանի եվրասիական «հնգյակի» երկրների կայուն տնտեսական աճը»:

ԵՏՀ նախարարը նշել է, որ Հանձնաժողովը մասնակից երկրների հետ համատեղ 2020 թվականից ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Այս խնդիրների իրականացումը նախատեսված է Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով և Միության ներքին շուկայի և կոոպեպացիայի զարգացմանն ուղղված ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման օպերատիվ միջոցների մասին ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի № 12 որոշմամբ։

Ըստ Արտակ Քամալյանի՝ Հանձնաժողովը գործարար համայնքից բազմիցս դիմումներ է ստացել արդյունաբերական կոոպերացիայի պայմանների բարելավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերին աջակցելու վերազգային միջոցների մշակման անհրաժեշտության մասին: Միության առևտրաարդյունաբերական պալատների և ձեռնարկությունների հետ աշխատանքի ընթացքում ԵՏՀ փորձագետները բացահայտել են արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի գործնական իրագործման հիմնական խոչընդոտները, մասնավորապես՝ նման նախագծերի իրագործման համար փոխառու միջոցների արտոնյալ դրույքաչափերի բացակայությունը:

Ներկայումս ԵԱՏՄ-ն բախվել է տնտեսության իրական հատվածում փոխադարձ և արտաքին ներդրումների նվազմանը։ Ուստի ներդրումների ներգրավումը արդյունաբերական արտադրությանը, ինչպես ընդգծել է ԵՏՀ նախարարը, պետք է դառնա մեր երկրների և Հանձնաժողովի գերակայություններից մեկը։

Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման վերաբերյալ Միության պետությունների ղեկավարների հանձնարությունների կատարման շրջանակներում Հանձնաժողովը զարգացման ազգային և վերազգային ինստիտուտների հետ համատեղ վերլուծական զեկույց է նախապատրաստել ներկա իրավիճակի և կոոպերացիոն շղթաների ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ու մեխանիզմների վերաբերյալ մոտեցումների մասին:

«ԵՏՀ-ի առաջարկները պարունակում են ֆինանսավորման նոր աղբյուրների և մեխանիզմների որոնման աշխատանքների ուղղություններ, որպես այդպիսիք կարելի է դիտարկել ԵԱՏՄ երկրների բյուջեներից ստացվող սուբսիդիաները, մասհանումները մաքսային մուտքերից, ոլորտային հիմնադրամի ստեղծումը, զարգացման եվրասիական ինստիտուտների ռեսուրսների օգտագործումը, խառը ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը»,- ամփոփել է Արտակ Քամալյանը։