Նորություններ

16.11.2023

ԵԱՏՄ-ում կատարելագործվում է սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտը

Եվրասիական տնտեսական միությունում սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի կարգավորման հարցերը քննարկվել են նոյեմբերի 14-ին «Նուտրիցիոլոգիա և դիետոլոգիա՝ Ռուսաստանի բնակչության առողջության պահպանման» միջազգային մասնակցությամբ 18-րդ համառուսաստանյան կոնգրեսի շրջանակներում։ Նիստը կազմակերպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովան։

«Սննդամթերքի անվտանգության հարցը գլոբալ հարցերից է և դիտարկվում է բոլոր մակարդակներում՝ ազգային, տարածաշրջանային, միջազգային, քանի որ հայտնի է, որ բնակչության լավ առողջության հիմքը անվտանգ և որակյալ սնունդն է, - նշել է Նատալյա Ժուկովան։ - Սննդամթերքի անվտանգությունը կարևորագույն գործոններից է, որը ապրանք արտադրողներին հնարավորություն է տալիս մուտք գործել շուկաներ և բարձրացնում նրանց արտադրողականությունն ու մրցունակությունը, ինչը նաև նպաստում է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացմանը»։


Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ-ում կարգավորման շրջանակներում սննդամթերքի սանիտարահիգիենիկ անվտանգության, առողջ սննդի, սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների կանոնակարգման արդիական հարցեր և ներկայացրել մասնագիտացված սննդամթերքի գրանցման իրենց փորձը։ Քննարկումը համախմբել է ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, գիտական կազմակերպությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին և ոգեշնչել հետագա համատեղ աշխատանքի համար։

Նատալյա Ժուկովայի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր երկրների համար սննդամթերքի անվտանգության ապահովումը կենսապահովման բարձր ստանդարտների երաշխավորման միջոցով բնակչության կյանքի որակի բարձրացման անհրաժեշտ պայմաններից մեկն է:

«ԵԱՏՄ-ում սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի կարգավորման միջոցները և համաձայնեցված մոտեցումները պետք է ուղղված լինեն հեռանկարին՝ հաշվի առնելով, որ գիտության զարգացումը, նոր տեխնոլոգիաների, նոր նյութերի և սննդամթերքի ի հայտ գալը պահանջում է նոր գիտամեթոդական մոտեցումների կիրառում՝ հիմնված բնակչության կյանքի և առողջության ռիսկի գնահատման վրա», - ընդգծել է նա։