Նորություններ

09.12.2022

ԵԱՏՄ-ում հաստատել են ծառայությունների ոլորտում առաջնահերթ ուղղությունների ցանկը՝ հետագա ազատականացման համար

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հաստատել է ծառայությունների ազատականացման համար առաջնահերթ ուղղությունների ցանկը՝ ծառայությունների այն հատվածները (ենթահատվածները) որոշելու նպատակով, որոնց համար կշարունակվի աշխատանքը ազատականացման ծրագրերին համապատասխան Եվրասիական տնտեսական միության ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ։

Այս ցանկը ներառել է ծառայությունների 117 տեսակ։ Դրանց թվում են տեքստիլի արտադրատեսակների, թղթի և թղթե արտադրանքի, հիմնական մետաղների, ավտոմեքենաների, կցասայլերի, տրանսպորտային սարքավորումների, քիմիկատների և քիմիական արտադրանքի, պլաստմասսե արտադրատեսակների արտադրության, ձուլման, տարբեր ոլորտների խորհրդատվական (իրավունք, շրջակա միջավայր և այլն) և այլ ծառայություններ:

Տեղեկանք

Ծառայությունների կոնկրետ հատվածներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման կարգը և փուլերը որոշվում են Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող ազատականացման ծրագրերով:

Ցանկը հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման գործողությունների պլանի 1.3.1 կետի շուրջ աշխատանքների շրջանակներում: