Նորություններ

02.09.2022

ԵՏՀ-ում սկսել են «Եվրասիական էլեկտրոբուս» պիլոտային նախագծի իրականացման աշխատանքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի հարթակում սկսվել են «Եվրասիական էլեկտրոբուս» արդյունաբերական կոոպերացիայի պիլոտային նախագծի իրականացման աշխատանքները։

Սեպտեմբերի 2-ին կայացած խորհրդակցությունների ընթացքում, որոնց մասնակցել են Հանձնաժողովի և Միության պետությունների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոշում է կայացվել արդիականացնել ԵՏՀ հարթակում գործող՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի հարցերով համագործակցության փորձագիտական խմբի կազմը, որի կազմում կընդգրկվեն ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցներ և ավտոպահեստամասեր արտադրողների, ինչպես նաև մասնակից երկրների գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

«Այսօր ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիան Միության երկրների արտադրողների համատեղ ջանքերի համախմբման առավել արդյունավետ ձևն է, որը թույլ է տալիս ստեղծել եվրասիական ապրանքանիշի ներքո՝ տեղայնացման առավելագույն աստիճանով արտադրանք, ձևավորել նոր ներմուծման փոխարինող նախագծեր, ինչպես նաև բարձրացնել թողարկվող արտադրանքի մրցունակությունը»,- ընդգծել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը:

Կողմերը համաձայնեցրել են Հանձնաժողովի կողմից առաջարկված գործողությունների պլանը ԵՏՀ Խորհրդի հանձնարարության կատարման աշխատանքներ կազմակերպելու ուղղությամբ։

Առաջին փուլում կձևավորվեն էլեկտրոբուսների արտադրության կրիտիկական համալրողների, հանգույցների և նյութերի և ԵԱՏՄ երկրների այն ընկերությունների ցանկեր, որոնք ունեն անհրաժեշտ սեփական արտադրական և տեխնոլոգիական ներուժ։

Նյութերը նախապատրաստելուց հետո կողմերը պայմանավորվել են Միության պետությունների բիզնեսի ներկայացուցիչների արտագնա աշխատանքային հանդիպում կազմակերպել Բելառուսի Հանրապետության արդյունաբերական հարթակներից մեկում։

Ըստ Նիկոլայ Ռոգոժնիկի, դա թույլ կտա ոչ միայն հիմք ստեղծել նախագծի լիամասշտաբ գործարկման համար, այլև գնահատել այլ տեսակի մարդատար տեխնիկայի (ավտոբուսներ, տրոլեյբուսներ) համար նախատեսված հանգույցների ու համալրողների արտադրությունների վերակողմնորոշման և ադապտացման հնարավորությունը վերջիններս հետագայում էլեկտրոբուսներում օգտագործելու համար։

Նախատեսվում է, որ կատարված աշխատանքի միջանկյալ արդյունքների մասին մինչև 2022 թվականի վերջ կզեկուցվի Հանձնաժողովի Կոլեգիայի նիստի ընթացքում։


Տեղեկանք

«Եվրասիական էլեկտրոբուս» պիլոտային նախագծի գործարկման մասին որոշումն ընդունվել է այս տարվա հուլիսի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստում (Հանձնաժողովի խորհրդի 2022 թ. հուլիսի 15-ի № 31 հանձնարարություն):