Երևանում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում տեղի է ունեցել «Միասնական աշխատաշուկա. զարգացման հեռանկարներ» թեմատիկ նստաշրջանը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների առաջատար փորձագետներ։
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունների, բիզնես ընկերակցությունների, ԵԱՏՄ պետությունների արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք քննարկել են աշխատաշուկայի կարիքների կանխատեսման, մասնագիտական հմտությունների ճանաչման, անդրսահմանային մասնագիտական զարգացման հարցեր, հասարակական կազմակերպությունների դերը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման հիմնախնդիրները։
Նիստի մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։ Նախարարն ընդգծել է, որ Միության օրենքը պարզեցրել է միջպետական աշխատանքի տեղավորման գործընթացը, և պայմաններ է ստեղծել ԵԱՏՄ-ում օրինական և անվտանգ աշխատանքային միգրացիայի համար։
«Միությունում միասնական աշխատաշուկայի շրջանակներում լուծվել են աշխատավորների կենսաթոշակային ապահովման հարցերը, օգտակար թվային սերվիսներ են ստեղծվում միջպետական աշխատանքի տեղավորման համար, վերացվել են բացառումները մանկավարժների, իրավաբանների կրթության, գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ճանաչման հարցերում, քննարկվում են գտնվելու երկրում վարչական ընթացակարգերի պարզեցման հեռանկարները»,- նշել է ԵՏՀ նախարարը։
ԵԱՏՄ ներսում աշխատանքային միգրացիայի միջին տարեկան հոսքը կազմում է շուրջ մեկ միլիոն մարդ։ Աշխատանքային միգրանտների ամենամեծ թիվն աշխատում է շինարարության (23% կամ 230 հազար մարդ), մեծածախ և մանրածախ առևտրի (15% կամ 150 հազար մարդ), ապրանքների փոխադրման և պահպանման (8% կամ 80 հազար մարդ), մշակող արտադրության (5% կամ 50 հազար մարդ) և գյուղատնտեսության ոլորտներում (2% կամ 20 հազար մարդ)։
«Նախատեսում ենք մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր այն առաջարկներն ու նախաձեռնությունները, որոնք հնչել են նստաշրջանում։ Մեր նպատակն է բարելավել միասնական աշխատաշուկայի գործունեությունը և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Միությունում աշխատանքային միգրացիայի համար»,- ամփոփել է Բախիթ Սուլթանովը։