Այս մասին նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ «Ինտեգրում» եվրասիական բիզնես համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։
ԵՏՀ նախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կարգավորման միասնական համակարգի ստեղծումը թևակոխել է ավարտական փուլ, երբ անդամ պետությունների մակարդակով կարգավորմանը այլևս հնարավոր չէ վերադառնալ։ Սակայն հետագա շարժմանը խոչընդոտում է պետական մակարդակով ազդեցության գործիքներն ի վնաս ինտեգրման հնարավորությունների պահպանելու միտումը։
Այդ իսկ պատճառով, ըստ նախարարի, գնալով դժվարանում է նոր ոլորտներում ինտեգրվելը։ Լավ օրինակ է տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանի կատարումը։ Այսօր այն կազմում է ընդամենը 27% և 23% համապատասխանաբար։
«Տեխնիկական կարգավորումը պարզապես «խաղալիք» չէ, որի հետ կարելի է որոշ ժամանակ խաղալ, այլ գործիք, որը նպաստում է մրցունակության բարձրացմանը։ Միության մասին պայմանագրի ստորագրումից հետո, տեխնիկական կանոնակարգման ոլորտում միասնական քաղաքականություն վարելու վերաբերյալ ընդհանուր համաձայնությամբ, մեզ ավելի քան 10 տարվա ընթացքում տեխնիկական կարգավորման վեց ուղղությունից միայն երկուսով է հաջողվել անցնել վերազգային մեխանիզմների ստեղծմանը։ Ընդ որում, դրանց իրականացումը ևս իրականացվում է Միության անդամ պետությունների կողմից ազգային բնութագրերի պրիզմայով», – կարծում է Վիկտոր Նազարենկոն։Նրա խոսքով՝ լայնորեն կիրառելով տեխնիկական կարգավորման գործիքները, «մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս ստանդարտացմանը», որը Միության տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների իրականացման արդյունավետ մեխանիզմ է։ Անշուշտ, այս ոլորտում ևս կան թույլ կողմեր, որոնց ուղղությամբ ԵՏՀ-ն անդամ պետությունների հետ համատեղ աշխատում է միջազգային պահանջներին ազգային և միջպետական ստանդարտների ներդաշնակեցման բարձրացման նպատակով։ «Այժմ մենք արդեն տեսնում ենք, թե ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ ժամանակակից և պահանջված, հատկապես միջպետական ստանդարտների մշակման գործընթացն ակտիվացնելու համար, և, իհարկե, դա համապատասխան ֆինանսական միջոցներ է պահանջում», – նշել է ԵՏՀ նախարարը։
Վիկտոր Նազարենկոյի կարծիքով՝ տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդանտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատումը կխթանի նոր ստանդարտների մշակումը, քանի որ ԳՏՄ գնահատման կարգ ուղղված է արտադրանքին ներկայացվող պահանջները գիտության և տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանեցմանը:
ԵՏՀ նախարարն իր խոսքում հատուկ ուշադրություն է դարձրել Միության միասնական շուկան ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու և հայրենական և օտարերկրյա արտադրանքի համար այդ շուկայի հասանելիության հավասար պայմաններ ձևավորելու հարցերին։ Մշտադիտարկման արդյունքները, ինչպես նշել է Վիկտոր Նազարենկոն, վկայում են մի շարք անդամ պետությունների համապատասխանության գնահատման ոլորտի լուրջ անհավասարակշռության մասին, երբ փորձարկման հնարավորությունների և այլ անհրաժեշտ ռեսուրսների բացակայության դեպքում սեղմ ժամկետներում տրամադրբում է համապատասխանության գնահատման փաստաթղթերի չարդարացված ծավալ:
Ընդհանուր շուկան ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու արդյունավետությունն ուղղակիորեն կախված է սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) արդյունավետությունից: ԵԱՏՄ երկրներում այս գործունեության մակարդակը շատ տարբեր է՝ սկսած որոշ երկրներում առկա համակարգային վերահսկողությունից մինչև մյուս երկրներում վերահսկողական միջոցառումների կատարման մորատորիումներ։ «Այսօր ունենք տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) 30 լիազոր մարմին, և արդյունքները չնչին են։ Սա, անկասկած, անդրադառնում է մեր ընդհանուր շուկայի պաշտպանության մակարդակի վրա։ Անբարեխիղճ սուբյեկտները շատ հմտորեն են օգտվում այս իրավիճակից», – ընդգծել է նախարարը։ Մի շարք անդամ պետությունների պետական վերահսկողության (հսկողության) ոլորտում լիազորված շատ մարմիններ չափազանց պարզեցրել են պետական վերահսկողության (հսկողության) համակարգի կատարելագործման իրենց խնդիրը, անցնելով ավելորդ հսկողական միջոցառումների վերացմանը, պատրաստելով մորատորիումի համապատասխան ակտերը կամ պետական վերահսկողության (հսկողության) այլ սահմանափակումներ: Վիկտոր Նազարենկոն սա ռազմավարական սխալ է համարում։
Մեկ այլ նշանակալից ոլորտ, որը, ըստ նախարարի, սխալմամբ որակվել է որպես տեխնիկական կարգավորման ոլորտ, և որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, չափումների միասնականության ապահովումն է։ Ի վերջո, դա անդրադառնում է ոչ միայն տեխնիկական կարգավորման, այլև տնտեսության բոլոր ոլորտների վրա, ներառյալ առևտուրը, արդյունաբերությունը, սոցիալական ոլորտը և պետական ու միջազգային գործունեության այլ կարևոր բնագավառներ։ Ուստի ԵՏՀ նախարարը վստահ է, որ չափումների միասնականության ապահովումը պետք է դուրս բերվի տեխնիկական կարգավորման ոլորտից և դիտարկվի որպես առանձին ոլորտ։
Ընթացիկ պայմաններում տեխնիկական կարգավորման համակարգի տարրերի զարգացման ինտենսիվացման արդյունավետ խթան կարող է դառնալ տնտեսության թվայնացումը և, մասնավորապես, «ԵԱՏՄ թվային տեխնիկական կարգավորում» նախագծի իրականացումը։ «Ժամանակակից թվային հարթակի ստեղծումը ոչ միայն կապահովի տեխնիկական կարգավորման բոլոր գործընթացների թվային փոխակերպումը, այլև պայմաններ կստեղծի արտադրանքի նախագծման, արտադրության և շուկայահանման ընթացքում թվային փոխազդեցության համար», – հայտնել է ԵՏՀ նախարարը։
Հենց այս հարթակը, ըստ Վիկտոր Նազարենկոյի, թույլ կտա, ի թիվս այլնի, կարգուկանոն հաստատել հավատարմագրման, համապատասխանության գնահատման, պետական վերահսկողության և հսկողության ոլորտներում։ Սա նաև Միության երկրների բիզնեսին կտա արտադրանքին ներկայացվող առաջադեմ պահանջների ժամանակին կիրառման և հավաստագրեր և համապատասխանության հայտարարագրեր ստանալու անհրաժեշտ ընթացակարգերի իրականացման լրացուցիչ հնարավորություններ:
Հանձնաժողովի և լիազոր մարմինների համատեղ աշխատանքն ուղղված է ինչպես Միության ընթացիկ խնդիրների իրականացմանը, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, այդ թվում՝ տեխնիկական կարգավորման ոլորտում։ «Միևնույն ժամանակ, Միության ռազմավարական փաստաթղթերը արտացոլում են ոչ բոլոր խնդիրները, որոնք տեսնում է ԵՏՀ-ն, այլ նրանք, որոնց հետ, այդ թվում՝ մեծ դժվարությամբ, համաձայնել են Միության երկրները», – Համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Վիկտոր Նազարենկոն, հորդորելով տեխնիկական կարգավորման զարգացման ինտեգրացիոն բաղադրիչը դարձնել բացարձակ գերակայություն երկրների անջատ մեխանիզմների և գործիքների պահպանման նկատմամբ: