Նորություններ

06.11.2024

Ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Պարենային արտադրանքը՝ մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունները

Նոյեմբերի 10-ից ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ սննդամթերքին և դրա մակնշմանն առնչվող տեխնիկական կանոնակարգերում կատարվող փոփոխությունները, որոնք ավելի վաղ ընդունվել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից։

Փոփոխությունները թույլ կտան սննդամթերք արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ, ներմուծող) հանդիսացող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի վավերապայմանների փոփոխության դեպքում սննդամթերքը շրջանառության մեջ դնել ԵԱՏՄ շուկայում առանց մակնշումը փոխարինելու:

«Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի 39-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն՝ որպես սննդամթերք արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) գտնվելու վայրի հասցեի վավերապայման նշված քաղաքի, մարզի, փողոցի և այլնի անվանափոխության օրվանից երեք տարվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքը շրջանառության մեջ դնել մակնշման մեջ նշված գտնվելու վայրի նախկին անվանումներով՝ պայմանով, որ փաստացի գտնվելու աշխարհագրական վայրը և արտադրության փաստացի վայրը մնում են անփոփոխ:

Ընդ որում, «Սննդամթերքը՝ մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածով նախատեսվում են սպառողին սննդամթերք արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) գտնվելու վայրի մասին հավաստի և արդիական տեղեկությունների մասին տեղեկացնելու հնարավոր եղանակներ:

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու կարծիքով՝ Խորհրդի կողմից ընդունված փոփոխությունները դրական ազդեցություն կունենան ԵԱՏՄ երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա և թույլ կտան վերացնել սննդամթերքի մակնշումը փոխարինելու անհրաժեշտության հետ կապված ավելորդ ֆինանսական բեռը։