Փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) առերես ձևաչափով կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստը։
Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նիստի օրակարգով նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների պլանը, ԵԱՏՄ երկրների երկաթուղիների ինտեգրացիոն փոխգործակցությունը:
Բացի այդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական իրավիճակը և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկները։
Նախատեսվում է քննարկել «Եվրասիական ագրոէքսպրես» ԵԱՏՄ անդամ պետությունների գյուղմթերքի և պարենի արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման համատեղ նախագծի իրականացման ընթացքը, ինչպես նաև փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության պետությունների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։