Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և «Հակակեղծարարություն» միջազգային ընկերակցությունը դեկտեմբերի 5-ից 6-ը Աստանայում կանցկացնեն «Հակակեղծարարություն» XII միջազգային համաժողովը։
Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության արդիական հարցերին նվիրված համաժողովը հարթակ կդառնա առանցքային մարտահրավերները քննարկելու և կեղծ արտադրանքի տարածման դեմ պայքարում արդյունավետ լուծումներ գտնելու համար։
2019-2023 թվականներին Եվրասիական տնտեսական միության երկրներում բացահայտվել է մտավոր սեփականության ոլորտում ավելի քան 46 հազար խախտում և առգրավվել է ավելի քան 60 միլիոն միավոր կեղծ ապրանք։
ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով, «իրավապահ» գործիքների և ԵԱՏՄ երկրներում արտաքին առևտրային գործունեության և օրինական արտադրության զարգացման համար տնտեսական խթանների համակցումն ուղղված է շուկայից կեղծ և կեղծված արտադրանքը դուրս մղելուն։
«Համոզված եմ, որ «Հակակեղծարարություն» համաժողովի շրջանակներում տեղի կունենա նշված հարցերի մասնագիտական քննարկում, ինչը, անկասկած, կնպաստի Եվրասիական տնտեսական միության շուկայում կեղծ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը», - նշել է ԵՏՀ նախարարը։
Համաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ մտավոր սեփականության ոլորտի առաջատար փորձագետների մասնակցությամբ, 10 նստաշրջան-քննարկում, որոնք նվիրված կլինեն իրավական կարգավորմանը, մաքսային հսկողությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում ՏՏ տեխնոլոգիաների կիրառմանը։
Միջոցառմանը կմասնակցեն ԵԱՏՄ երկրների նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, իրավատերեր, ապրանք արտադրողներ, սպառողների ընկերակցություններ, փորձագետներ, մասնագիտական համայնքների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Այս տարի համաժողովն ընդլայնում է իր աշխարհագրական ընդգրկումը՝ հրավիրելով Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Թունիսի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դիվանագիտական կորպուսի և ընկերությունների ներկայացուցիչներ: