Ալեքսեյ Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկ

Ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Կորոստիշև քաղաքում։

1986 թվականին ավարտել է Մոսկվայի Կ.Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան «Տնտեսագիտական կիբեռնետիկա» մասնագիտությամբ: Տնտեսագիտության թեկնածու է։

1986-1993 թվականներին՝ Կ.Ա. Տիմիրյազևի անվան ակադեմիայի տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոնի ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, տնտեսագիտական մեխանիզմի կատարելագործման լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

1993-1998 թվականներին՝ ՌԴ Հողային ռեսուրսների և հողաշինարարության պետական կոմիտեի գլխավոր մասնագետ, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ:

1998 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին՝ ՌԴ Պետական հողային կոմիտեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բաժնի պետ, 1998 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ ՌԴ հողային քաղաքականության, շինարարության և բնակարանակոմունալ տնտեսության նախարարության տեղեկատվավերլուծական վարչության պետ:

1998-1999 թվականներին՝ ՌԴ Պետական հողային կոմիտեի տեղեկատվավերլուծական վարչության պետ, 1999-2000 թվականներին՝ ՌԴ Հողային քաղաքականության պետական կոմիտեի տեղեկատվավերլուծական վարչության պետ:

2000 թվականի օգոստոսին նշանակվել է Ռուսաստանի Հողային կադաստրի դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ։

2004 թվականի ապրիլից՝ Անշարժ գույքի օբյեկտների կադաստրի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, 2004 թվականի հուլիսից՝ ղեկավարի տեղակալ։

2007-2008 թվականներին՝ Հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ։

2008-2010 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Յու-Էֆ-Ջի Էսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերությունների խմբում։

2010 թվականին՝ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի խորհրդական:

2011 թվականից՝ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ։

2020 թվականի հունվարի 21-ին Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ։