Նորություններ

04.07.2024

Բակիտժան Սագինտաևը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հուլիսի 4-ին Աստանայում մասնակցել է «ՇՀԿ պլյուս» գագաթնաժողովին։

Բարձր մակարդակի հանդիպման հիմնական թեման է դարձել բազմակողմ երկխոսության ամրապնդման և կայուն խաղաղությանը ու զարգացմանը ձգտելու թեման։

Պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկել են հարցերի լայն շրջանակ։ Այսպես, գագաթնաժողովի ընթացքում հավանության է արժանացել Բելառուսի Հանրապետության՝ ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ պետություն ընդունվելու հայտը։

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցությունը տարածաշրջանում։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով ՇՀԿ մասնակից երկրների տնտեսությունների զարգացման բարձր տեմպերը։ Նրանց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը (38.5 տրլն դոլար), համաշխարհային առևտրի ավելի քան 16%-ը (5.5 տրլն դոլար) և մոլորակի բնակչության ավելի քան 41%-ը (ավելի քան 3 մլրդ մարդ):

Բակիտժան Սագինտաևի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունն իրենց մեջ ներուժ են կրում, որը կարող են փոխադարձաբար լրացնել միմյանց։ Դա հաստատվում է երկխոսության նկատմամբ գործարար շրջանակների աճող հետաքրքրությամբ, որը ներառում է անխոչընդոտ տնտեսական միջավայրի ձևավորում, փոխադարձ առևտրում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացում, զարգացման ընդհանուր ինստիտուտների ստեղծում։

«ԵԱՏՄ և ՇՀԿ երկրները Եվրասիայի ժամանակակից տնտեսական ճարտարապետության կարևոր տարրեր են, — կարծում է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։ — Այս պետությունները կազմում են եվրասիական մայրցամաքի առանցքը, և նրանց փոխհարաբերությունները մեծապես որոշում են տարածաշրջանի հետագա զարգացման վեկտորը»:

ԵՏՀ-ն և ՇՀԿ քարտուղարությունը փոխգործակցում են համապատասխան հուշագրի շրջանակներում: Ներկայումս ավարտվում է համագործակցության մանրամասն պլանի համաձայնեցումը։ Փաստաթղթի նախագիծը նախատեսում է համատեղ միջոցառումներ, տեղեկատվության ու փորձի փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող վերլուծական նյութերի նախապատրաստում։

Գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Կատարի, Չինաստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի կառավարությունների և պետությունների ղեկավարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՏՀԿ-ի, ԱՓՎՄԽ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՊԱԻԿ-ի ղեկավարները: 

Ներկայումս ՇՀԿ անդամ են Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

2023 թվականի հուլիսից մինչ օրս ՇՀԿ-ն նախագահում է Ղազախստանը։