Նորություններ

21.11.2023

ԵԱՏՄ օրեր ԱՍԵԱՆ-ում. գործարար համայնքները առանցքային դեր են կատարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում

Այս եզրակացությանն են հանգել «ԱՍԵԱՆ-ԵԱՏՄ կապերի ամրապնդում. գործարար համայնքի դերը» կլոր սեղանի մասնակիցները, որը նվիրված էր նոր տնտեսական իրականությունում Եվրասիական տնտեսական միության և Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունների վերլուծությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին ԱՍԵԱՆ-ի քարտուղարությունում ԵԱՏՄ օրերի շրջանակներում։

Կլոր սեղանը բացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։

«ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև փոխգործակցության հիմնական նպատակներն են առևտրային արգելքների վերացումը և գործարար համայնքների համար նոր հնարավորությունների ստեղծումը»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Նա շեշտել է ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ծավալների կայուն աճը, որը երկարաժամկետ միտում է ցուցաբերում։ Ընթացիկ տարվա արդյունքներով ակնկալվում է, որ փոխադարձ ապրանքաշրջանառության աճը կգերազանցի 11%-ը։ Առևտուրն առավել դինամիկ է զարգանում ԱՍԵԱՆ այն երկրների հետ, որոնց հետ Միությունը և Հանձնաժողովը ինստիտուցիոնալացրել են փոխգործակցությունը ազատ առևտրի համաձայնագրի (Վիետնամ) և փոխգործակցության հուշագրի ձևաչափով (Սինգապուր, Ինդոնեզիա, Մյանմար, Թաիլանդ, Կամբոջա): Ընթացիկ օրակարգում է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ Միության երկխոսությունը, ինչպես նաև ԵՏՀ-ի և Լաոսի կառավարության միջև փոխգործակցության ինստիտուցիոնալացումը:

Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման զգալի ռեզերվ է խցանումների մաքրումը, որոնք ներառում են վճարումների, տրանսպորտի և լոգիստիկայի խնդիրները, ինչպես նաև տեղեկատվական հարթակների ձևավորումը, որոնք ձեռնարկատերերին տեղեկատվություն են տրամադրում ապրանքների և պոտենցիալ գործընկերների մասին:

Սերգեյ Գլազևն ԱՍԵԱՆ երկրներին առաջարկել է օգտագործել վճարային համակարգի հնարավորությունները և ԵԱՏՄ-ում ներդրված ապահովագրական գործիքները։ Առևտրի աճի ևս մեկ կարևոր տարր կարող է դառնալ ազգային արժույթների, բլոկչեյնի և միջազգային առևտրի այլ թվային գործիքների ավելի լայն օգտագործումը: Դա թույլ կտար դյուրինացնել և էժանացնել գործարքների կատարումը և կբարելավել բեռնափոխադրումների ծառայությունների հասանելիությունը:

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը նշել է, որ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ցուցիչը ԵԱՏՄ երկրներում տնտեսական աճի դրական դինամիկան է։ 

Նա նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է ԱՍԵԱՆ-ի հետ փոխգործակցության ուղղությամն կատարվող աշխատանքներին, մասնավորապես՝ Ռուսաստանում և ԱՍԵԱՆ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության թվայնացման վերլուծությանը, ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում թվային փոխակերպման թեմայով սեմինարի հանձնարարականներին (երկրորդ փուլը նախատեսված է 2024 թվականի սկզբին), ինչպես նաև Ռուսաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև ածխաջրածիններից հրաժարվելու հարցերում փոխըմբռնման մասին համատեղ հռչակագրի մշակման մոտ ավարտը։

ԱՍԵԱՆ քարտուղարության ներկայացուցիչ Լատիֆահայդա Աբդուլ Լատիֆը նշել է ինտեգրացիոն միավորումների ռազմավարական զարգացման գործընթացների շրջանակներում գործարար համայնքների հետ փոխգործակցության հարցերում մոտեցումների նմանությունը:
Մասնավորապես, նա խոսել է «ԱՍԵԱՆ տնտեսական համայնքի համար փակ շրջափուլի տնտեսության հիմունքները» ծրագրի գերակայությունների մասին, որոնք ներառում են հինգ ռազմավարական գերակայություն՝ ստանդարտների ներդաշնակեցում և ապրանքների ու ծառայությունների փոխադարձ ճանաչում. առևտրի բացության ապահովում և առևտրի ընթացակարգերի պարզեցում. նորարարությունների, թվայնացման և նոր տեխնոլոգիաների դերի բարձրացում. կայուն ֆինանսավորում և ներդրումներ նորարարություններում. էներգիայի և այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործում:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են նաև Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար խորհրդի նախագահ Իվան Պոլյակովը, ԱՍԵԱՆ էներգետիկ կենտրոնի գործադիր տնօրեն Նուկի Ագույա Ուտաման, Digital Pilipinas ընկերության ներկայացուցիչ Ամոր Մակլանգը, Astana Manana Indonesia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Հանզելա Կուսումամենգալան և այլ փորձագետներ, որոնցից շատերը նշել են ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործարար շրջանակների միջև զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի, խորհրդատվության ոլորտում անմիջական փոխգործակցության տարբերակման նպատակահարմարությունը: Այս նպատակով անհրաժեշտ է ավելի ակտիվ կազմակերպել բիզնես առաքելություններ։

Միջոցառման հղումը հասանելի է ԵՏՀ Youtube ալիքում։