Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնության առաջարկը և որոշում ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում սննդի կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) մակնշման միասնականացված կանոններ սահմանելու մասին։
Ընդունված որոշման համաձայն՝ մակնշման ենթակա է ԿԱՀ համար տրված պետական գրանցման գործող վկայական ունեցող սննդամթերքի լայն շրջանակ։ Անդամ պետություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց տարածքում նույնականացման միջոցներով արտադրանքի մակնշման ներդրման ամսաթիվը և փուլայնությունը՝ այդ մասին առնվազն վեց ամիս առաջ ծանուցելով ԵՏՀ-ին։
Այսպիսով, ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում երաշխավորված կլինի այլ պետությունների նույնականացման միջոցների ճանաչումը, որոնք ձևավորվել են միասնականացված պահանջներին համապատասխան։
«Հանձնաժողովը սկզբունքային որոշում է ընդունել, որն ուղղված է Միության շուկայում այնպիսի զգայուն կատեգորիայի ապրանքների օրինականության ապահովմանը, ինչպիսին են ԿԱՀ-ները։ Այժմ սպառողը՝ օգտագործելով թվային մակնշման համակարգը, կկարողանա ստուգել ԿԱՀ իսկությունը, ինչպես նաև հավաստի տեղեկատվություն ստանալ արտադրանքի և դրա հատկությունների մասին», — ընդգծել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։