Թվային աշխարհում սպառողների և բիզնեսի խնդիրները, էլեկտրոնային առևտրի մասնակիցների միջև փոխգործակցության արդյունավետ սխեմաները և բարեխիղճ պրակտիկաների զարգացումը քննարկել են Մինսկում՝ «ՏԻԲՕ-2023» միջազգային համաժողովի հարթակում անցկացված 5-րդ եվրասիական թվային համաժողովի թեմատիկ պանելային նստաշրջանի բանախոսները:
«Սպառողական և ձեռնարկատիրական ռիսկերի նվազեցումը տնտեսության թվային վերափոխման պայմաններում Եվրասիական տնտեսական միության երկրների հետագա ինտեգրացիոն զարգացման առանցքային գործոնն է, - նշել է նստաշրջանի մոդերատոր, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովան։ - Հասարակության, բիզնեսի և պետության փոխգործակցության հստակ մեխանիզմների և թափանցիկ սխեմաների ձևավորումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ տարածքում արդար թվային սպառողական շուկայի զարգացումը»։
Նատալյա Ժուկովայի խոսքով՝ էլեկտրոնային առևտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության միասնական մոտեցումների մշակումը Մինչև 2025 թվականը Միության անդամ պետությունների համատեղ զարգացման առանցքային ուղղություններից է։ Նման աշխատանքն իրականացվում է Հանձնաժողովի հարթակում և հիմնվում է լավագույն գործարար փորձի և այս ոլորտում հասարակության պահանջարկների վրա:
ԵԱՏՄ երկրների բիզնես ընկերակցությունների, համացանցային հարթակների, պետական, գիտական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները քննարկել են բիզնեսի պետական վերահսկողության և ինքնակարգավորման զարգացման նորագույն միտումներն ու հեռանկարները՝ ելնելով սպառողների շահերից։ Սպառողական շուկան կոնտրաֆակտ և կեղծված արտադրանքից պաշտպանելու տարրերի թվում քննարկվել են բարեխիղճ առևտրի սկզբունքների ներդրման առաջատար գործնական փորձը, ինչպես նաև վստահելի առցանց հարթակների գրանցամատյանի վարման պրակտիկան:
Քննարկման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել թվային և սպառողական գրագիտության բարձրացման հարցերին։
Ինչպես նշել է Նատալյա Ժուկովան, շուկայի մասնակիցների տեղեկացվածությունն ու կոմպետենտությունը տնտեսության զարգացման հիմնական գործոններն են։ 2023 թվականը ԵԱՏՄ-ում անցնում է «Գրագետ սպառող՝ պատասխանատու բիզնես» կարգախոսի ներքո։ Սպառողների իրավունքների պահպանման հարցերի վերաբերյալ քաղաքացիների և ձեռնարկատերերի հետ անցկացվող տեղեկատվական աշխատանքը անդամ պետությունների համատեղ գործունեության ուշադրության կենտրոնում է և համապատասխանում է ԵԱՏՄ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին:
Նստաշրջանի մասնակիցները որոշել են շարունակել համագործակցությունը սպառողական վեճերի կարգավորման՝ որպես սպառողների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ գործողությունների կարևոր ուղղության մեխանիզմների որոշման ուղղությամբ։
Տեղեկանք
«Սպառողները և բիզնեսը թվային աշխարհում. փոխգործակցության հակաճգնաժամային սխեմաներ» թեմատիկ պանելային նստաշրջանը Հանձնաժողովի կողմից անցկացվել է ապրիլի 19-ին՝ 5-րդ Եվրասիական թվային համաժողովի շրջանակներում, որը կազմակերպվել է «ՏԻԲՕ-2023» տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների 29-րդ միջազգային համաժողովի հարթակում, որն անցնում է ապրիլի 18-ից 21-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն):
«ՏԻԲՕ» համաժողովը եզակի հարթակ է միջազգային առաջադեմ փորձի փոխանակման, նորարարական գիտելիքների գեներացման և տնտեսության տարբեր հատվածներում, սոցիալական ոլորտում և պետական կառավարման համակարգում նորագույն տեխնոլոգիական միտումների ներդրման մեխանիզմների քննարկման համար: