Նորություններ

01.10.2024

Կառավարությունների ղեկավարները հաստատել են առաջիկա երեք տարվա տրանսպորտային ճանապարհային քարտեզը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած նիստում Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը:


Ճանապարհային քարտեզը սահմանում է տրանսպորտային ոլորտում առանցքային ռազմավարական փաստաթղթի՝ Տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի գործնական ապահովման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և լիազոր մարմինների համատեղ միջոցները։

Ճանապարհային քարտեզի միջոցառումներն ուղղված են տրանսպորտի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների հետևողական խորացմանը, մասնավորապես՝ Միությունում միասնական տրանսպորտային տարածության և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ձևավորման նպատակների իրականացմանը:

Փաստաթուղթը նախապատրաստելիս փորձագետները ելնում էին ժամանակակից պայմաններում ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ջրային տրանսպորտի զարգացման առանձնահատկություններից և դրանց կարգավորումը մերձեցնելու հնարավորության գնահատումից, ինչպես նաև տրանսպորտային գործունեության համաոլորտային ասպեկտներից։

Փաստաթուղթը ներառում է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են ԵԱՏՄ երկրների տարածքներում «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքի «թույլ տեղերի» ցանկի ձևավորումը և դրանց վերացման առաջարկների մշակումը։ Բացի այդ, երկրները պատրաստվում են կատարելագործել Միության իրավունքը և անդամ պետությունների օրենսդրությունը ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տրանսպորտային փաստաթղթերի ներդրման համար, ներառյալ տրանսպորտի ոլորտում թղթային կրիչով փաստաթղթեր օգտագործելուց հրաժարվելը և անցումը տվյալների էլեկտրոնային փոխանակմանը։

Ընդհանուր առմամբ փաստաթուղթը ներառել է երկրների կողմից համաձայնեցված՝ 2024-2026 թվականներին իրականացման ենթակա միջոցառումների 33 կետ։ Դրանք նախորդ եռամյա՝ 2018-2020 և 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզների տրամաբանական շարունակությունն են։

Կառավարությունների ղեկավարները նաև Հանձնաժողովին և կողմերին հանձնարարել են շարունակել խորհրդակցությունները տրանսպորտային ինտեգրման մի շարք կարևոր ուղղությունների վերաբերյալ, մասնավորապես՝ օդային տրանսպորտի և կադրային ներուժի զարգացման հարցերի շուրջ, և լրացուցիչ մշակումից հետո համաձայնեցված միջոցառումները ներկայացնել Միջկառավարական խորհրդի քննարկմանը։

Այս աշխատանքը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։ Լրացուցիչ միջոցառումների մշակումը չի զսպի Միջկառավարական խորհրդի կարգադրությամբ հաստատված 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի լիարժեք իրականացումը։