Նորություններ

08.04.2024

ԵԱՏՄ էներգառեսուրսների ընդհանուր շուկաները մեծ ներուժ ունեն եվրասիական տարածքում էներգետիկայի ոլորտի հիմնական մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին «Տնտեսաիրավական կարգավորումը էներգետիկայի ոլորտում» կլոր սեղանի ընթացքում, որն անցկացվել է Կազանում Թաթարստանի էներգետիկայի և էներգառեսուրսների արդյունավետության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում։

ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրենը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկ ներուժի, էներգետիկայի ոլորտի գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում «հնգյակի» երկրների փոխգործակցության սկզբունքների և էներգառեսուրսների ընդհանուր շուկաներ ձևավորելիս երկրների կողմից իրենց առջև դրված նպատակների մասին։

«Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման հիմքում ընկած հիմնական գերակայությունները էներգառեսուրսների կայուն մատակարարումներն ու ապահովվածությունն է, դրանց ներքին կարիքները մատչելի գներով բավարարելու ունակությունը», - հայտարարել է Վադիմ Զակրևսկին:

Քննարկման մասնակիցները ծանոթացել են ԵԱՏՄ երկրների էլեկտրաէներգետիկական և նավթագազային ոլորտների գործունեության 2023 թվականի հիմնական ցուցանիշներին, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ընթացքին։

Վադիմ Զակրևսկին նշել է, որ այսօր Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան բարձր աստիճանի պատրաստվածության փուլում է։

Նա նաև ընդգծեց էներգառեսուրսների արժեքի որոշիչ դերը, որը պետք է սահմանվի թափանցիկ և ոչ խտրական պայմաններով և մրցակցային (հավասար) պայմաններ ապահովի անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար. սա է Միության գազի ընդհանուր շուկայի գործարկումից հիմնական ակնկալիքը:

Ընդհանուր շուկաների գործարկումը թույլ կտա էական քայլ առաջ կատարել, վարել ավելի ճկուն տնտեսական քաղաքականություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով, և տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն կտա աշխատել ինքնուրույն՝ կնքելով ինչպես ազատ (ուղիղ) պայմանագրեր, այնպես էլ բորսայական գործարքներ ոչ խտրական պայմաններով: Էներգառեսուրսների ընդհանուր շուկան կնպաստի վառելիքաէներգետիկ համալիրների ներուժի արդյունավետ օգտագործմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացմանը, կարծում է Վադիմ Զակրևսկին։