Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի N 98 որոշմամբ ընդունված փոփոխությունները ճշգրտում են «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) պահանջները սպանդային մթերքի և մսամթերքի սննդային արժեքի մասին մակնշման մեջ նշվող տեղեկատվության առնչությամբ:
Փոփոխությունների արդիականությունը պայմանավորված է նրանով, որ սպանդի ենթակա կենդանիների միսը և սպանդային մթերքը, այդ թվում՝ որոնք օգտագործվում են հումքի տեսքով, բնութագրվում են սպիտակուցի և ճարպի բնական տարասեռությամբ:
Փոփոխությունները նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների (սննդային արժեքի ցուցանիշների) շեղման թույլատրելի սահմաններ մակնշման մեջ նշվածներից՝ սպիտակուցը արտադրանքում պետք է լինի ոչ պակաս, քան մակնշման մեջ նշված արժեքի 80%-ը. ճարպը, ածխաջրերը, էներգետիկ արժեքը (կալորիականությունը)՝ ոչ ավելի, քան մակնշման մեջ նշված արժեքների 120%-ը:
Օրինակ, երբ մսամթերքի մակնշման մեջ 100 գ մթերքի համար սպիտակուցի միջին արժեքը նշվում է 17 գ (100%), սպիտակուցի միջին արժեքը, հաշվի առնելով նոր պահանջները, չի կարող լինել 13,6 գ-ից պակաս (80%) 100 գ արտադրանքի համար: 100 գ արտադրանքի համար 18 գ (100%) ճարպի միջին արժեքի դեպքում ճարպի փաստացի արժեքը չպետք է լինի ավելի քան 21,6 գ (120%) 100 գ արտադրանքի համար:
Նույնանման մոտեցում է նախատեսված «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) պահանջներով, որոնք գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշում է, որ փոփոխություններն ուղղված են սննդանյութերի պարունակության վերահսկողության հետ կապված խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով հումքի առանձնահատկությունները և մսի վերամշակման արդյունաբերության առանձնահատկությունները, ինչպես նաև մակնշման մեջ նշված արժեքներին սպիտակուցի, ճարպի, ածխաջրերի պարունակության և կալորիականության փաստացի արժեքների անհամապատասխանությամբ սպառողներին մոլորեցնող գործողությունների կանխարգելմանը: Վալենտին Տատարիցկու կարծիքով՝ նոր պահանջների գործողության մեջ դնելը դրականորեն կանդրադառնա Միության երկրներում ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։
Հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 5-ի N 15 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան։ Նախատեսվում է, որ սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնց առնչությամբ փոփոխություններ են կատարվել և որոնք տրվել կամ ընդունվել մինչև 2024 թվականի ապրիլի 7-ը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։ Այդ արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը թույլատրվում է մինչև նման փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը, արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում: